Բարև աշուն, բարև կրկին, իմ գունազարդ թախծոտ ընկեր,
Ո՞ւր էիր ասա դու շշնջում, ո՞ր անձրևն էր դարձել քեզ տեր...
Ո՞ր միայնակ սիրահարն էր սփոփանք գտել քո շշուկում,
Ո՞վ է լացը քո ողջ ըմպել կամ էլ խմել շշից մի կում...
Ո՞վ է լացը քո ողջ ըմպել կամ էլ խմել շշից մի կում...
Ասա հիմա, շա՞տ են նրանք, որ տանջվում են սիրո ցավից,
Որ քեզ նման շշնջում են մի պատմություն արտասվալից...
Պատմիր աշուն, պատմիր քեզնից, ինչպիսին ես ինձնից հեռու,
Ում ես սիրում դու համբուրել, երբ կան միայն անձրևն ու դու...
Պատմիր ինձ, թե տերևներդ ում ձեռքերին են իջնում,
Երբ չեմ քայլում ես շնչիդ հետ, երբ էլ ոչինչ չեմ մրմնջում...
Բարև աշուն, եկար կրկին, այցելելու հին ծանոթիդ,
Բայց ինձ այսօր, արի ու տես, չի փարատում խոնավ հոգիդ,
Այսօր արդեն տերևներիդ, որ թափում ես դու վերևից,
Ողջունում են երկու հոգի, շոյում են մեղմ երկու ջերմ սիրտ:
Բարև աշուն, բարև կրկին, իմ գունազարդ թախծոտ ընկեր,
Գուցե ինձնից դու նեղանաս, բայց էլ ես չեմ քեզ պահող տեր....
Իմ սիրելի, թախծոտ, մենակ, իմ արտասվող վառ բարեկամ,
Կար ժամանակ, որ ես դու էի, բայց էլ հիմա կողքիդ չկամ...
Հիմա քո նուրբ տերևը թաց, որ պարում է լուռ իմ դիմաց,
Ես ժպտալով նրան տալիս ու սիրում եմ այդպես կամաց...
Հիմա, ընկեր, դու վկան ես ոչ թախիծիս, ոչ լուռ լացիս,
Հիմա կուզեմ, որ դու հարբես սեր-հեքիաթի նոր կենացիս...
Ռիմա Խաչատրյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=420415228007418&set=a.336352773080331.69540.100001168322012&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել