Բաքվի բռնապետական վարչակարգի՝ տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ վարվող բռնաճնշումների և ձուլման քաղաքականության համատեքստում թալիշական և թաթական ինքնության հիմնախնդիրները քննելիս պետք է մշտապես նկատի ունենալ նաև շիա մահմեդականության խիստ ազդու գործոնը:
Բանն այն է, որ այս ժողովուրդների էթնիկական ինքնության դրսևորման համար հնարավորությունների գրեթե լիակատար բացակայության պայմաններում շատ հաճախ իրականում էթնիկական հիմնահարցերը սկսում են քողարկվել կրոնական ինքնության հաստ շղարշով:
Այս առումով թալիշաբնակ գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաև Ապշերոնի թյուրքախոս դարձած, սակայն թաթական ինքնությունը պահող ավանների բնակչության մեջ նկատելի է ուշագրավ մտայնություն, որը հավանաբար խրախուսվում է նաև հարևան Իրանից և ըստ որի՝ թալիշներն ու թաթերը հաճախ հանդես են գալիս անհավատ Բաքվի դեմ պայքար մղող ուղղադավան շիա մահմեդականների դիրքերից:
Նման պայքարի համատեքստում նույնիսկ Լենքորանի «Խազար» թիմի ֆուտբոլային խաղերի ժամանակ թալիշ երկրպագուների կողմից օգտագործվում են իրենց հիմքում կրոնական ենթատեքստ պարունակող պաստառներ: Խոսքը մասնավորապես «Մեզ համար ամեն տեղ Լենքորան է» կոչի մասին է, որը շիայական իմամ Հուսեյնի նահատակության օրինակով պայքարելու «Ամեն օր Աշուրա է, ամեն տեղ՝ Քերբալա» հայտնի արտահայտության աշխարհագրական տեղայնացման արդյունք է, համաձայն որի՝ ենթադրվում է, որ պայքարելու և նույնիսկ այդ պայքարի համար նահատակվելու վայրն Իրաքում գտնվող Քերբալայի դաշտից տեղափոխվել է Թալիշստանի մայրաքաղաք Լենքորան:
Լուսանկարում՝ «Խազար» թիմի թալիշ ֆուտբոլային երկրպագուները պահել են պաստառ հետևյալ գրությամբ՝ «Մեզ համար ամեն տեղ Լենքորան է»:



