Tert.am-ը գրում է․
Հայկական սփյուռքի առաջնորդները, պատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, համագործակցել են Հոլիվուդի հայտնի անձանց և իրավապաշտպանների հետ և մրցանակ հիմնել, որն ամեն տարի կշնորհվի այն անձանց, ովքեր իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար, գրում է The New York Times-ը:
Մարդասիրական մրցանակը, որի մասին պետք է հայտարարվի երեքշաբթի Նյու Յորքում, Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների միջոցով ցեղասպանության պատմության արխիվացման ապահովմանն ուղղված նշանավոր հայերի կողմից իրականացվող ջանքերի մաս է:
Ինչպես նշել են հայ հովանավորները, նախաձեռնությունը կշեշտի, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրածները, որոնց որոշ դեպքերում պաշտպանել են թուրքերը, շարունակել հաջողակ կյանքով ապրել՝ սփռվելով ողջ աշխարհով մեկ։ Նրանցից շատերը հանգրվանել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:
«Մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժը և զոհաբերությունը, որ ցույց են տվել այդքան շատ հայերի փրկած մարդիկ, ստիպում է մեզ պատմել այս պատմությունները»,- ասել է բարերար Ռուբեն Վարդանյանը, ով նաև «100 կյանք» հիշատակի միջոցառումների ծրագրի համահովանավորն է:
Վերապրածների և փրկածների հիշատակը հարգելու հետ միասին՝ նախաձեռնությունը կհիմնի 1 միլիոն դոլար արժողությամբ մրցանակ, որը կկոչվի «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակ»: Մրցանակը կշնորհվի՝ սկսած հաջորդ տարվանից: Հաղթողները չեն պահի գումարը, այլ փոխարենն այն կնվիրաբերեն կազմակերպություններին, որոնք նրանք իրենց աշխատանքի համար ոգեշնչում են համարում:
Մրցանակն անվանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով երեխա լինելով՝ ստիպված է եղել ականատես լինել իր ընտանիքի անդամների սպանությանը: Նա նվիրել է իր կյանքը Ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելուն:
Ինչպես նշված է հոդվածում՝ Վարդանյանը և նրա գործընկերները համագործակցել են հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և այլ հայտնի անձանց, այդ թվում՝ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի և Բրեդ Փիթի կողմից հիմնադրված «Not On Our Watch» կազմակերպության հետ, որն աշխատում է զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ Քլունին ասել է, որ իր խումբը հայ հովանավորների հետ կիսում է ընդհանուր նպատակ՝ «միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև ողջ աշխարհում զանգվածային վայրագություններին վերջ տալու համար միջոցներ ձեռնարկել»:
Մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամների ցանկը դեռ վերջնական տեսք չի ստացել, սակայն, ինչպես նշվում է, նրանց թվում են լինելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նշանավոր անձինք: Ինչպես նշվում է՝ նրանց թվում է լինելու Քլունին, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին գլխավոր հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի խորհրդական Գարեթ Էվանսը և Իրանում ծնված գիտնական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը:
Ինչպես նշել են հովանավորները հայտարարության մեջ, Քլունին անդրանիկ մրցանակը շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին կայանալիք արարողության ժամանակ: