Երաժիշտներն իրենց ուրույն ելևէջներն են ստեղծում, սակայն այդ ելևէջները ծնվում են զանազան ազդեցությունների ներքո։ Ջազմեն-դաշնակահար Տիգրան Համասյանի ստեղծած ելևէջների փունջը գալիս է շատ հեռվից. նա «Tool»-ի ու «Meshuggah»-ի նման  առաջադիմական մետալ երաժշտախմբերի սիրահար է, սակայն նրա երաժտությունը ծնվել է ոչ միայն այս խմբերի, այլև երաժշտի հեռավոր հայրենիքում թևածող ելևէջների ազդեցության ներքո։ 

Համասյանը ծնվել է Հայաստանում, տեղափոխվել Լոս Անջելես, ապա Նյու Յորք։ Չափահաս մարդ դառնալով՝ նա վերադարձավ իր հայրենիք՝ իր արմատներին ավելի սերտորեն առնչվելու համար։ Նրա «Mockroot» ձայնասկավառակը մասամբ կրում է Պետրոս Դուրյանի ստեղծագործությունների ազդեցությունը։ 19-րդ դարի այս հայտնի բանաստեղծը մահացել է 21 տարեկանում։ Համասյանն ասում է, որ գրողի ոգին փոխանցելու համար ինքը Դուրյանի գրած բառերը գործածելու կարիք չունի։ Բանաստեղծի ստեղծագործությունների վրա հիմնված երգերը երգվում են հորինված վանկերով, որոնք չեն պատկանում որևէ կոնկրետ լեզվի։ Այդ մտացածին վանկերով էլ հնարավոր է արտացոլել գրողի շունչը։

Հարցազրույցներից մեկի ընթացքում Համասյանն ասել է.

«Բոլորը նրան չափազանց մելամաղձոտ էին համարում, չափազանց մռայլ, սակայն ես չեմ կիսում այդ կարծիքը։ Նա ունի բանաստեղծություններ, որոնք ընդհանուր առմամբ մռայլ են, սակայն նրա բոլոր բանաստեղծությունների մեջ լույս կա։ Նրա ստեղծագործություններն ընթերցելուց հետո ներսումդ ինչ-որ լույս է առկայծում, և դու կենսառատ ես դառնում։ Ես սիրում եմ ներշնչանքի աղբյուր գտնել բանաստեղծությունների միջոցով, սակայն միշտ չէ, որ կիրառում եմ դրանք որպես երգի խոսքեր։ Երբեմն պետք էլ չէ, որ իմ ստեղծած երաժշտությունը խոսքեր ունենա։ Դրան [նկատի ունի՝ երաժշտությանը] պարզապես ձայնավորներ են հարկավոր»։

Տիգրան Համասյանը զրուցել է Ազգային ռադիոյի հաղորդավար Արան Ռաթի հետ։ Հարցազրույցի ընթացքում նա պատմել է, որ ուսումնասիրում է իր փոքրիկ երկրի բազմաշերտ ու մթին պատմությունը։ Մեծանուն երաժիշտը նաև բացատրել է, թե ինչու է կարծում, որ ավանդական մոտեցումները դաշնամուրի նկատմամբ թերագնահատում են այս երաժշտական գործիքի ողջ ներուժը։ Դե ինչ, վայելեք այս տաղանդավոր երաժշտի կատարումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել