Araratnews.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դրական է արտահայտվել Եվրոմիության ընդհանուր բանակ ստեղծելու գաղափարի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը:
Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցը, Մերկելը կարծում է` Եվրոպայում պետք է լինի ավելի խորը ռազմական համագործակցություն: Այնուամենայնիվ, կանցլերը կարծում է, որ դեռևս այս նախագիծը կարելի է համարել «ապագայի նախագիծ»:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ևս կողմ էր արտահայտվել ԵՄ միասնական բանակի ստեղծման գաղափարին: Նա կոչ էր արել թույլ չտալ խախտել այն միջազգային կարգուկանոնը, որը հաստատվել է Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից ու Սառը պատերազմից հետո: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ևս կողմ է արտահայտվել այս նախագծին:
Աղբյուրի հաղորդմամբ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական միասնական բանակի առկայությունը Ռուսաստանին կհասկացնի, որ իր հարևանները լուրջ են վերաբերվում սեփական արժեքների պահպանության հիմնախնդրին: Յունկերի խոսքերով` այս բանակի շնորհիվ ԵՄ-ն կկարողանա արձագանքել ինչպես իր կազմում գտնվող, այնպես էլ մյուս եվրոպական երկրներին սպառնացող վտանգներին: