FotorCreatedk21in.am-ը գրում է․

Ինչքան անցնում է քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից, այնքան նեղանում է կասկածյալների շրջանակը, և իրավապահները քննության առարկա են դարձնում վարկածներից ամենաարժանահավատները:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ քննարկման հիմնական վարկածը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատի մասնակցությունն է: Մասնավորապես, կասկածվում է նրա մտերիմ, անվտանգության աշխատակից Մարտուն Կարապետյանը՝ «Կյաժ Մարտուն» մականունով:

Մամուլն այս տեղեկությանն անդրադարձել է՝ գրելով, որ Մարտուն Կարապետյանը խնդիրներ է ունեցել սպանված Երրորդմասցի Լյովիկի հետ, և, ըստ խոսակցությունների, Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները առևանգել են Մարտուն Կարապետյանին, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ հատ-հատ կտրելով բոլոր մատները։

Սակայն, ըստ հավաստի լուրերի, այս պատմությունը քիչ այլ կերպ է եղել: Երրորդմասցի Լյովիկն ու Կյաժ Մարտունը իսկապես խնդիրներ ունեցել են, որոնք այն աստիճան են սրվել, որ բանը հասել է անձի առևանգման: Եվ առևանգվել է ոչ թե Կյաժ Մարտունը, այլ նրա եղբայրը, որին էլ հենց ծեծել են ու կտրել մատները: Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ տղայի վիճակը դեռ շատ ծանր է: Այս «ռազբորկային», սակայն, միջամտել են այլ քրեական հեղինակություններ, և թվացյալ հաշտություն է կնքվել: Սակայն Կյաժ Մարտունը որոշել է վրեժխնդիր լինել եղբոր համար: Նրանք տևական ժամանակ ուշադրությամբ հետևել են քրեական հեղինակության շարժին, խոսակցություններին: Այդ օրն էլ նրանք իմացել են, որ Լյովիկը գնում է «Նուբարաշեն»՝ տեսակցելու իր ընկերոջը՝ Դավիթ Իսպիրյանին: Երրորդմասցի Լյովիկը և նրան ուղեկցողները, սակայն, չեն հասցրել մտնել ՔԿՀ:

Եվ բնավ պատահական չէ, որ Թոխմախի Մհերն ու իր շրջապատը անմիջապես լծվեցին պաշտպանությա գործին: Մհեր Սեդրակյանը, որը տևական ժամանակ է՝ բոյկոտել է լրագրողների հետ շփումը, դեպքից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ դա իր ոճը չէ, ինքը դեմ է նման կերպ հարցերին լուծում տալուն:

Տեսահարցազրույց տվեց անգամ Կյաժ Մարտունը՝ հրապարակավ ցուցադրելով իր ձեռքերը, ցույց տալով, որ իր մատները տեղում են: Ինչպես նաև, ասելու, որ ինքը ոչ մի կապ չունի սպանության հետ և որ ցավում է կատարվածի համար:

Սակայն, ըստ նույն տեղեկությունների, անգամ գործով մինչ այս պահը ձերբակալված և հարցաքննված անձանց մեծ մասը Թոխմախի Մհերի շրջապատից է, և դեռ այս օրերին էլ նախաքննական մարմինը այդ շրջապատից բազմաթիվ անձանց է տանում հարցաքննության ու ազատ է արձակում: Հարցաքննվածների թվում է նաև Կյաժ Մարտունը, որքան էլ որ նա հերքի այդ տեղեկությունները:

Նշենք, որ երեք անձանց սպանության գործով տուժողի իրավահաջորդներ դեռևս չկան: Ըստ օրենքի, գործով իրավահաջորդ է ճանաչվում մահացած անձի այն մերձավոր ազգականը, որը նման խնդրանքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին:

Նշենք նաև, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվում է ԱԱԾ վարույթում և այնտեղ տեղափոխվեց սպանությունից մեկ օր անց, վերադաս մարմնի որոշմամբ: Ուշագրավ է, որ Հայաստանում քրեական հեղինակությունների սպանությունների գործերը քննում է ԱԱԾ-ն: Այդպես եղավ նաև մեկ այլ քրեական հեղինակության՝ Թևոսիկի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության դեպքում: Ոստիկանությունը հայտարարեց, որ գործը բացահայտված է, սակայն ավելի ուշ այն դատախազության որոշմամբ վերցվեց ոստիկանության վարույթից և տեղափոխվեց ԱԱԾ:

Քրեական գործերով փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ օրենսգիրքը հստակ սահմանում է այն հոդվածները, որոնք պետք է քննվեն ԱԱԾ վարույթում: Սակայն կա նաև այնպիսի կետ, ըստ որի վերադասի հանձնարարությամբ կարող է նախաքննության կատարումը մի մարմնից վերցվել և հանձնվել մեկ այլ մարմնի: «Այսինքն՝ այնպես չէ, որ միանշանակ սպառիչ է, թե որ գործերը կարող է ԱԱԾ-ն քննել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս գործով ինքը դեռևս որևէ կերպ ներգրավված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել