Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը պատմել է՝ ինչու է սպանվել քաղաքական գործիչը: Քադիրովի սիրելին հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին բացասական արտահայտվելու համար։ Ակնհայտ է, որ իշխանությունները ձգտում են քննության հիմքում դնել «իսլամական» վարկածը: Իհարկե, Կրեմլը շատ կուզենար, որ սպանության հիմքում դրվեր, ասենք, խանդի գործոնը: Բայց աղմուկը մեծ էր, ու կանգնեցին համեմատաբար անշառ այս վարկածի վրա: Միանգամից ասեմ, որ Նեմցովը երբեք աչքի չի ընկել իսլամի դեմ հրապարակային հայտատարություններով (նա դատապարտել է ահաբեկչությունը), ու այս վարկածը, մեղմ ասած, արժանահավատ չէ: Եթե նույնիսկ Քադիրովի շրջապատի մարդիկ են կազմակերպել սպանությունը, ավելի հավանական է այն, որ Նեմցովը թիրախ է դարձել իշխանությունների ուկրաինական քաղաքականությունը քննադատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել