
Մերի Գորջենսը հինգ երեխայի մայր է։ Նա կարող է ռեկորդ սահմանել և ճանաչվել աշխարհի ամենաարագ ծննդաբերող մայրիկը։ Իր վերջին երեխային նա ունեցել է ընդամենը երկու րոպեի ընթացքում։

35-ամյա Մերին բնակվում է Սիդնեյ քաղաքում։ Նրա երեխաներն այնքան արագ են ծնվում, որ նա անգամ չի հասցնում հիվանդանոց հասնել։ Մերիի առաջին երեխան ծնվել է հիվանդանոցում, երկրորդ և երրորդ երեխաները ծնվել են հիվանդանոցի ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, իսկ հաջորդ երկու երեխաները՝ տանը։

Մերիի ու նրա ամուսին Սայմոնի հինգերորդ երեխան ծնվեց հունվարի 31-ին։ Մերին վաղ առավոտյան արթնացավ։ Նա արթնացրեց ամուսնուն, ով մի պահ բաղնիք մտավ։ Երբ նա բաղնիքից վերադարձավ ննջասենյակ, Մերին այլևս միայնակ չէր, այլ իրենց նորածին որդի Բրոդիի հետ։

Ես ոչ մի տհաճ զգացողություն, ոչ մի ցավ չունեի։ Ես չէի սպասում, որ երեխաս հենց այդ օրը կծնվի։
Գորջենսների ընտանիքն արդեն սովոր է անսպասելի ու գերարագ ծնունդներին։ Երբ ծնվեց նրանց առաջին որդի Մաքսը, տիկին Գորջենսը հազիվ հասավ հիվանդանոց։ Մնացած դեպքերում բանը հիվանդանոցին չէր հասնում։

Գորջենսների ավագ որդի Մաքսը ծնվել է 2008 թ. դեկտեմբերին 2 ժամում։

Զույգի երկրորդ երեխան՝ Ավան, ծնվեց 2010 թ. օգոստոսին՝ դեռ հիվանդանոց չհասած։ Նա այն հազվագյուտ երեխաներից է, ովքեր ծնվում են իրենց սաղմնապարկի մեջ։ Մեքենայի մեջ ծնված այս փոքրիկը չէր արտասվել ծնվելիս։ Անգամ այն ժամանակ, երբ հիվանդանոցում բուժքույրը հանեց փոքրիկին մոր տաբատի միջից, լացի ձայն չլսվեց։ Մերին վախենում էր նայել երեխային՝ մտածելով, որ նա կարող էր մեռելածին լինել, սակայն նրա հետ ամեն ինչ կարգին էր։ Պարզապես սաղմնապարկում ծնված երեխաները ծնվելիս չեն լացում։ Քանի որ երեխան ծնվեց մեքենայում, Սայմոնն ինքն ստանձնեց տատմոր դերը և կտրեց պորտալարը։

Սիեննան ծնվել է 2011 թ. դեկտեմբերին 50 րոպեի ընթացքում։ Նրա ծնվելիս ևս Մերիի ամուսինն է ընդունել ծնունդը, քանի որ զույգին նախքան երեխայի ծնվելը հիվանդանոց հասնել չի հաջողվել։ Սիեննան նույնպես սաղմնապարկում է ծնվել։ Սայմոնը սեփական մատներով է պատռել սաղմնապարկը։ Նա այնքան շփոթված էր, որ չգիտեր ինչ անել։

Մերին ու Սայմոնը ոչ միայն հիվանդանոց չհասան, այլև անգամ մինչև մեքենա չհասան Միլայի ծնվելիս՝ 2013 թ. մարտին։ Երեխայի ծննդից ընդամենը 10 րոպե առաջ նրա մայրիկի մոտ ցավեր սկսվեցին։ Մինչև շփոթված ամուսինն այս ու այն կողմ կվազեր, Միլան հենց ննջասենյակում էլ ծնվեց։

Մերիի ընկերները կատակում են, որ նա կարող է փռշտալով երեխա ունենալ։
Իմ բախտը բերել է, որովհետև թեպետ մենք հիվանդանոցում չէինք ծննդաբերության ժամանակ, ի վերջո ամեն ինչ շատ հարթ էր ընթանում, և բոլոր երեխաներս առողջ էին ծնվում։ Օրգանիզմի հնարավորությունները պարզապես զարմանալի են։

Ամեն երեխայից հետո ծնդաբերության ժամանակահատվածը գնալով կրճատվում էր, սակայն զույգի հինգ երեխաներից ամենաշատը Բրոդին էր շտապում։ Ընդամենը երկու րոպե լույս աշխարհ գալու համար. համաձայնվեք, որ սա իսկական ռեկորդային ցուցանիշ է։ Հինգ փոքրիկների մայրիկն անշուշտ շատ գոհ է իր երեխաների այսպես ասած «շտապողականությունից»։ Ուրիշ մայրիկների մոտ երկունքի ցավերն իսկական տանջանք են, իսկ նա չի էլ նկատում, թե ինչպես են դրանք անցնում։




