Ռուս գրող Մաքսիմ Գորկին, դեռևս նախորդ դարի 30-ական թվականներին այցելելով «Արարատ տրեստ» (ներկայիս «Կոնյաչնի»), գրել է, որ «Արարատ տրեստի» նկուղից դուրս գալը նույնքան դժվար է, որքան Արարատ լեռը բարձրանալը:

ԲՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակը, սակայն, շռնդալից հեշտությամբ դուրս եկավ (դուրս մղվեց) «կոնյաչնիից», և որոշ տեղեկություններով հանգրվանել է Հանրապետության փողոցի վրա գտնվող մի շենքում, որտեղ գտնվում է նաև «Ազգ» թերթի խմբագրությունը:

Բախտի չար (իսկ գուցե բարի) քմահաճույքով այդ շենքի անմիջական հարևանությամբ, բայց Մելիք-Ադամյան փողոցի վրա տեղակայված է ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Նրանք, ովքեր դեռևս մնացել են ԲՀԿ-ում, այսուհետ իրենց գրասենյակի պատուհանից թախծոտ հայացքով կարող են դիտել երբեմնի կոալիցիոն գործընկերոջ ընդարձակ տարածքները:

Ի պատիվ վերակառուցվող ԲՀԿ-ի, սակայն, պետք է ասել, որ չնայած վրա հասած պատուհասին՝ արժանապատիվ ԲՀԿ-ականները նոր տարածք են տեղափոխվել Հանրապետություն փողոցով՝ մերժելով Էդիկ Շարմազանովի՝ Մելիք-Ադամյանով անցնելու հորդորը, դրանով մեկ անգամ ևս փաստելով, որ վերջնականապես ընդդիմադիր կեցվածք են որդեգրել և իշխանության կձգտեն բոլորովին այլ, միայն ու միայն իրենց հայտնի ճանապարհով:

Հ.Գ. Մարդկանց երջանկացնելը բավականաչափ հեշտ է. նախ հարկավոր է նրանցից ինչ-որ բան վերցնել, այնուհետև այդ ինչ-որ բանը որոշ ժամանակ հետո հետ վերադարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել