Tert.am-ը գրում է․
«Բարգավաճ Հայաստանի» կուսակցական բոլոր կառույցները պահպանվելու են, քանի որ որևէ կառույց լուծարելու համար անհրաժեշտ է մի քանի հազար մարդու՝ կուսակցությունից հեռանալու ստորագրություն, իսկ նոր կառույցների ստեղծումն էլ բաբելոնյան աշտարակաշինության պես բարդ գործ չէ:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ում հարցրել էինք, թե պահպանվելո՞ւ են արդյոք ԲՀԿ-ական բոլոր կառույցները, և արդյո՞ք ճիշտ են շրջանառվող տեղեկությունները, որ կուսակցական որոշ կառույցներ, մասնավորապես՝ տարածքային կազմակերպություններ, այս օրերին հայտարարելու են իրենց լուծարման մասին:
«Նախ ասեմ` տարածքային կառույց լուծարելը հեշտ բան չէ, քանի որ յուրաքանչյուր կառույցում 9-10, մինչև 12 000 անդամ կա, և որպեսզի կառույց լուծարվի, նրանց բոլորի` կուսակցությունից դուրս գալու դիմումներն են պետք: Ուստի, բոլոր նրանք, ովքեր իրենց առջև նման խնդիր են դրել, նրանց խորհուրդ կտայի` խնդիրը դնելուց առաջ մտածել, նոր դնել։ Իսկ եթե, այդուհանդերձ, որոշեն դուրս գալ «Բարգավաճ Հայաստանից», բոլորին ամենայն անկեղծությամբ մաղթում եմ հաջողություն իրենց նոր ծրագրերում»,–ասաց նա:
«Մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում՝ նոր կառույց ձևավորելը բաբելոնյան աշտարակաշինություն չէ, հատկապես, որ արդեն իմ սեղանին են տասնյակ մարդկանց դիմումներ` մտավորականներից մինչև քաղաքական գործիչներ, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցելու ԲՀԿ-ին»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատասխանելով հարցին, թե ըստ շրջանառվող տեղեկությունների` կուսակցության ներսից են ուղղորդվում կուսակցությունը լքելու գործընթացները, ԲՀԿ նոր ղեկավարն ասաց, որ ամենայն մանրամասնությամբ տիրապետում են տեղեկատվությանը:
«Թե ով ինչով է զբաղված, ով ինչ է անում, իրենց գործն է, Աստված իրենց հետ։ Կրկնում եմ՝ «Բարգավաճ Հայաստանի» շուրջ հավաքված քաղաքական թիմը ամուր է, իսկ թե ով, ինչ նպատակներով, ինչ է անում, մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Նրանց ևս մաղթում ենք հաջողություն»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Զուգընթաց մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն լքում են նաև գյուղապետերը, շարքային անդամները. ԲՀԿ նոր ղեկավար կազմը տիրապետո՞ւմ է, թե քանի մարդ է վերջին 20 օրերին լքել կուսակցությունը:
Նաիրա Զոհրաբյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ բացի իր ձեռքի տակ եղած՝ ԲՀԿ խմբակցությունը լքած մոտ մեկ տասնյակից ավելի պատգամավորներից միայն որոշ մասի դիմումներից (Գրիգորի Մարգարյան, Մուշեղ Պետոյան, Արագած Ախոյան, Հարություն Ղարագյոզյան, Հրանտ Քոչարյան), կուսակցությունում այլ դիմումներ չեն ստացվել ու մանրամասնեց. «Թե այդ գյուղապետերը, մարդիկ, մյուս պատգամավորները, որ հայտարարել են դուրս գալու մասին, ո՞ւմ են դիմում ներկայացրել, ինձ հայտնի չէ: Ի դեպ, ես չունեմ նաև Մարտուն Գրիգորյանի դիմումը, բայց նրա հետ խոսել եմ ու նա ինձ տեղեկացրել է, որ կուսակցությունից դուրս է գալու՝ նշելով պատճառները»:
Նաիրա Զոհրաբյանը` կրկնեց, որ նրանց բոլորին էլ՝ արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում, մաղթել է հաջողություն:
«Իսկ թե իրենք մամուլում ի՞նչ են հայտարարում, ինձ համար փաստ չէ, ինձ համար փաստ է, թե կլինի՞ նորից ինչ-որ մեկի դուրս գալու մասին դիմում ու թե ոչ: Եթե լինի նրան ևս կմաղթեմ հաջողություն և բարի ճանապարհ: Իսկ մենք՝ ԲՀԿ քաղաքական թիմը, պատգամավորները, ովքեր մնացել են և մնալու են և չեն ենթարկվելու որևէ պրովոկացիաների, առաջիկայում հանրությանը կներկայացնեք «Բարգավաճ Հայաստան»-ի նոր ծրագիրը, նոր մարտավարությունը»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ որպես կուսակցության կենտրոնական գրասենյակ, իրենց ընտրությունը կանգ է առել Հանրապետության 47 հասցեում՝ «Եվրոպա» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի վրա, որտեղ գտնվում է «Ազգ»-ի խմբագրատունը:
ԲՀԿ-ն զբաղեցրել է շենքի առաջին երկու հարկերը: Երկու օր է՝ այնտեղ որոշ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որպեսզի գոնե առաջիկայում կուսակցության աշխատակազմը կարողանա տեղափոխվել և կենտրոնական գրասենյակը սկսի աշխատել:



