Երեկ համացանցում հայտնվեց լուսանկար, որում Հյուսիսային պողոտայում տեղադրված մի ստենդ էր` հայկական տարազներով ամուսինների պատկերով: Այս ամենն արվել էր քաղաքացիների ժամանցն ապահովելու համար: Լուսանկարի վրայից կտրել էին մոդելների դեմքերը, որպեսզի նկարվել ցանկացողներն իրենց դեմքով լուսանկարվեին:
Իհարկե, ստենդի էսթետիկ կողմը չքննարկենք, բայց այ «գողության» վրա աչք չենք կարող փակել:
Լուսանկարի հեղինակն առաջինը այն իր էջում տեղադրեց և իր վրդովմունքը հայտնեց.
Փաստորեն Երևանի քաղաքապետարանից նրան տեղյակ չէին պահել լուսանկարն օգտագործելու մասին:
«Սա գովազդ չէ, պարզ գողություն է, դա նույնիսկ քննարկման առառկա չի կարող լինել: Շատ լավ կլինի, եթե հավես ունենաս դատերով անցնելու, լավ պրեցեդենտ կլինի, որ մյուս անգամ 100 անգամ մտածեն ամեն ֆոտոն փաբլիշ անելուց առաջ:
Բացի դրանից, եթե դու չես տվել, մոդելներդ տեղյակ չեն, ո՞նց ա իրանց high res հասել։ Մի հատ էդ էլ մտածի, որ ուրիշ տեղ չկրկնվի սիտուացիան ու շատ զգուշ եղի high resn-երիդ հետ»,- նշում է հեղինակը:
Սա ոչ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, այլ գռեհկություն:
Ի՞նչ է նշանակում բնօրինակի վրայից կտրել ռեալ մարդկանց դեմքերը և առանց հեղինակի թույլատրության, անգամ նույնիսկ նրան իրազեկելու՝ աշխատանքը տեղադրել որպես ֆոտո-պոստեր քաղաքի գլխավոր փողոցներից մեկում:
Եվ այս ամենն արվում է քաղաքապետարանի մակարդակով:
Սա խայտառակություն է:
Հայաստանում տիրող տգիտությունն ու գեղցիությունն արդեն սահմաներ չունեն:
Միանշանակ դատի է պետք տալ պաստառի վրա ապօրինաբար տեղադրված լոգոյի հետքերով: Պատասխանատվության ենթարկել է պետք թե՛ այս խայտառակությունն իրականացնողներին և թե՛ օրիգինալ թվային ֆայլերը տպագորության համար նրանց տրամադրողին:
Աշխատանքի հեղինակն ու լուսանկարված մոդելները միանգամայն իրավասու են բողոքելու և փոխհատուցում պահանջելու առումով: (Ann Michel )
Բազմաթիվ արձագանքներից ու թեժ քննարկումներից հետո քաղաքապետարանից վերջապես արձագանքեցին: Հեղինակի մեղադրանքներին պատասխանեց Երևան քաղաքի Մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը`
«Հարգելի Էմմա, հասկանում եմ Ձեզ, հեղինակային իրավունքների ոտնահարումը ոչ մի արդարացում չունի և ոչ մի հանգամանքում։ Միայն ուզում եմ ասել, որ տեղյակ լինեք. այս պահին քաղաքապետարանում ժողով է հրավիրվել՝ պարզելու՝ ինչ հանգամանքում ու ինչպես է լուսանկարը օգտագործվել, ինչպես է համապատասխան վարչությունը նման բացթողում թույլ տվել։
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե որևիցե կերպ Ձեր հեղինակային իրավունքը խախտվել է։»



