Վլադիմիր Բարխոյանը՝ մեծահարուստ հայր ունելու, ընտանիք կազմելու և ապագա ծրագրերի մասինLife.panorama.am-ը գրում է․

Տարիքի հետ մարդիկ դառնում են բծախնդիր, «չմահավան», բայց պատասխանատու և կշռադատված: Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ Վլադիմիր Բարխոյանն է, ով կյանքին սկսել է նայել այլ տեսանկույնից, այլ աչքերով: Սեր, ընտանիք, աշխատանք. մեր զրույցը ծավալվել է այս երեք հիմնական ուղղություններով:

-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Եթե ասեմ, որ գերզբաղված եմ, սուտ կլինի: Նույնիսկ ազատ  ժամանակ եմ ունենում, որովհետև կարողանում եմ ճիշտ դասավորել առօրյաս: Հասցնում եմ թե՛ ընկերներիս հետ շփվել, թե՛ իմ սիրած աշխատանքով զբաղվել, թե՛ կողմնակի այլ աշխատանքի մեջ ներգրավվել:

որ երգեր չե՞ք պատրաստում:

-Երգեր ընթացքում անընդհատ էլ լինում են, պազապես նոր տեսահոլովակներ չեն նկարահանվում:

-Որևէ ակումբում կամ ռեստորանում աշխատո՞ւմ եք:

-Փորձել, բայց չեմ հարմարվել ակումբային կյանքին: Գուցե, երբ ժամանակ գա, որ զգամ՝ այլ տարբերակ չունեմ, կփորձեմ ակումբում աշխատել: Ակումբն իմը չէ, չեմ կարողանում այնտեղ ինձ գտնել: Թեև, ես նրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Օրինակ, քույրս աշխատում է և շատ գոհ է: Մենք բնավորությամբ տարբեր ենք, հավանաբար այդ պատճառով Մարգարիտային դուր է եկել, ինձ՝ ոչ:

-Իսկ ինչպե՞ս եք գումար վաստակում: Չէ՞ որ համերգներ, գրեթե չեն կազմակերպվում:

-Բոլորովին այլ բնագավառում եմ աշխատում, բայց, թող գաղտնիք մնա:

-Կարելի՞ է դա սեփական բիզնես համարել:

-Ոչ, սեփական բիզնես չէ, բայց այդ ուղղությամբ աշխատում եմ: Գուցե օրերից մի օր կարողանամ բարձրաձայնել այն մասին, որ ես իմ անձնական բիզնեսն ունեմ:

-Ո՞ր ոլորտում եք պատկերացնում այդ գործունեությունը:

-Միշտ երազել եմ ունենալ ռեստորան, որտեղ հանգիստ երաժշտություն կհնչի, կլինեն մոմեր, «պաստա-գինի»… Մի խոսքով՝ իտալական շնչով ռեստորան:

-Ռոմանտիկ եք, այո՞:

-Բավականին:

-Այդ երազանքն իրականացնելու համար Ձեզ ի՞նչ է պակասում:

-Միանշանակ՝ ֆինանս: Այնքան մտքեր, երևակայություններ կան, որոնք չեն իրագործվում միայն ֆինանսի բացակայության պատճառով: Եվ հետո, հնարավոր չէ միանգամից երկու գործի նվիրվել, հակառակ դեպքում այդ երկուսից մեկը կտուժի: Այնպես որ, քանի դեռ երգում եմ, բիզնեսը երկրորդ պլանում է:

-Իսկ այսօրվա կողմնակի աշխատանքը երգին չի՞ խանգարում:

-Դա ինձանից շատ ժամանակ չի գողանում: Այս միջոցով գումար եմ կուտակում՝ երազանքս իրագործելու համար:

-Վլադիմիր, երբ դուք ոտք դրեցիք երգարվեստ, շատերը խոսում էին այն մասին, որ մեծահարուստ հայրիկ ունեք: Որքան հասկանում եմ, խոսակցություններն իրականությանը չէին համապատասխանում:

-Ճիշտ եք, այն ժամանակ նույնիսկ ասում էին, թե մեր հայրը պատգամավոր է: Ոչ, բավականին համեստ ու սովորական ընտանիք ենք:

-Ի դեպ, քույր և եղբայր Բարխոյանների դուետը անմիջապես գրավեց մարդկանց սրտերը ու հազվագյուտ դեպքերից էր, որ առաջին երգը նաև այցեքարտ դարձավ: Ինչպե՞ս ծնվեց մտահղացումը:

-Սկզբում ես և Մարգարիտան առանձին էինք երգում, երբեք չէինք մտածել դուետով հանդես գալ: Մի օր, երբ Արամայիս Սահակյանն ու Արամ Ավագյանը մեր տանն էին, մայրս առաջարկեց, որ մեզ համար զուգերգ գրվի: Արամայիս Սահակյանը տեղում, շատ արագ գրեց հրաշք խոսքերը, Արամ Ավագյանը՝ երաժշտությունը: Չէինք մտածում, որ այս երգը կարող է հիթ դառնալ: Սա ուղղակի անկեղծ խոսք էր, որը ժողովրդի սրտին դիպավ: Այդ երգն այսօր կատարում ենք միայն հատուկ առիթների ժամանակ:

-Վերջին շրջանում Ձեզ մոտ, կարծեք, թե ոճային փոփոխություն է նկատվում:

-Յուրաքանչյուր արտիստի մոտ էլ տարիների ընթացքում ոճային փոփոխություն լինում է: Չէ՞ որ փոխվում է մտածելակերպդ, երաժշտության նկատմամբ՝ մոտեցումդ: Հնարավոր չէ անընդհատ միևնույն ոճի մեջ մնալ: Գալիս է մի շրջան, երբ ինքդ փոփոխության կարիք ես զգում: Ես երկար ժամանակ լռել եմ, արտառոց ու աչքի ընկնող ոչինչ չեմ արել, գուցե գա ժամանակ, որ «պայթեմ» ու հրաշալի մի բան ծնվի:

-Որպես շոու-բիզնեսի ներկայացուցիչ, գո՞հ եք այդ շուկայից:

-Գիտեք, յուրաքանչյուր ասպարեզում էլ կան թերություններ, խոչընդոտներ: Եթե յուրաքանչյուրն իր գործն անի, ապա ամեն ինչ իր տեղում կլինի: Բայց երբ այս գործով սկսում են զբաղվել նրանք, ովքեր ամեն ինչ կողքից են տեսել, ամեն ինչ իրար է խառնվում: Նրանց կարծիքով շատ հեշտ է: Ո՛չ, սա ամենադաժան, քարքարոտ, հիասթափություններով ու անկումներով հարուստ բնագավառն է: Սա շատ գեղեցիկ աշխարհ է, որն ունի ավարտ: Շատերը նույնիսկ չեն գիտակցում ու պատրաստ չեն լինում այն լքել, ինչը հոգեկան ցնցում է առաջացնում:

-Կյանքում ունեցե՞լ եք երազանք, որից հրաժարվել եք այս կամ այն պատճառով:

-Ոչ: Օրինակ, այս ասպարեզում միշտ երազել եմ զուգերգով հանդես գալ Լարա Ֆաբիանի և Անդրեա Բոչելիի հետ: Բայց ես չեմ ասում, որ իմ երազանք անիրականանալի է: Գուցե մեկ օր ստացվի՞:

-Վլադիմիր, Ձեր հոգում հիմա ի՞նչ եղանակ է:

-Գարուն է, սիրտս բաց է, ազատ… Արդեն ինքս եմ փնտրում իմ միակին, քանի որ զգում եմ, որ իր կարիքն ունեմ: Աշխատանքն՝ աշխատանք, բայց անձնական կյանքը շատ կարևոր է:

-Փաստորեն, արդեն մտածում եք նաև ընտանիք կազմելու մասին:

-Իհարկե: Ես տարիքս չեմ թաքցնում և գտնում եմ, որ ժամանակն է ընտանիք կազմել, նույնիսկ մի քիչ ուշացել եմ: Այս տարի կդառնամ 31 տարեկան:

-Բեմի մարդկանց համար դա նորմալ տարիք է, նույնիսկ դեռ վաղ է:

-Ճիշտ է, երբեք չեմ ընդունել ու չեմ հասկացել այն հանգամանքը, որ ծառայությունից վերադառալուն պես անմիջապես ամուսնանում են: Հոգուս խորքում, չգիտես ինչու, ես միշտ զգում էի, որ ուշ եմ ամուսնանալու: Արի ու տես, որ այդպես էլ եղավ. արդեն 30 տարեկան եմ ու դեռ ընտանիք չեմ կազմել: Բայց հիմա արդեն հասկանում եմ, թե ինչ ձգտումներ ունեմ կյանքում: Այնպես որ, երևի բարին էլ այն է, որ չեմ շտապել:

-Բայց, կարծեք թե, անհանգստանում եք արդեն:

-Չէ, խուճապի չեմ մատնվում, դեռ հանգիստ եմ տանում: Ամեն ինչ լինում է իր ժամանակին:

-Կա՞ն չափանիշներ, որով առաջնորդվում եք Ձեր սիրելիին փնտրելու հարցում:

-Երբեք իդեալներ չեմ ստեղծել ինձ համար, քանի որ սպասելիքներիդ չարդարանալու դեպքում հիասթափությունդ մեծ է լինում: Կարևորը՝ միմյանց հասկանանք, սիրենք: Ուրիշ ոչինչ ինձ պետք չէ:

-Ինչպե՞ս կվերաբերեք, եթե Ձեր ընտրյալը նույնպես երգչուհի լինի:

-Մասնագիտությունն ինձ համար կարևոր չէ, կարևորն իր մարդ տեսակն է:

- Անձնական կյանքում հիասթափություններ շա՞տ եք ունեցել:

-Երբ սիրել եմ՝ այո: Կարծում եմ, առանց դրա հնարավոր չէ, բոլորն էլ նման զգացողություն ապրում են կյանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել