Հայոց ցեղասպանության թեման կինոյում. «Ժամանակն է, որ խոսի արար աշխարհի խիղճը»Panorama.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կա արվեստի բոլոր տեսակներում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի արվեստագետների ներկայացմամբ: Սարսափելի այդ ողբերգությանն անդրադարձել են նաև հայ և օտարազգի ռեժիսորները: Panorama.am-ը զրուցեց կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության թեման կինոյում:

-Կինոն ռեալության, իրականության լեզվով խոսող արվեստ է: Անգամ խաղարկային՝ գեղարվեստական կինոն, եթե պատմական փաստերը չեն կեղծվում, պատվերով չեն նկարահանում, դառնում է ժամանակի փաստաթուղթ, պատմական փաստաթուղթ: Այդ իմաստով իր ռեալիզմով, կերպարային, սյուժետային մշակվածությամբ առայժմ անգերազանցելի է ամերիկյան ռեժիսոր, ծագումով՝ հույն Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963) ֆիլմը, որը ժամանակին արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: Հիմնականում Հունաստանում և Թուրքիայի տարածքում նկարահանված ամերիկյան այս ֆիլմում ներկայացվում է ցեղասպանությանը նախորդած 1890-ականների կեսերի իրադրությունը՝ համիդյան ջարդերը: Էլիա Կազանն իր իսկ գրած «Անատոլիական ժպիտ» վեպի հիման վրա է ստեղծել այս ֆիլմը, որում ըստ իր ընտանիքի հուշերի ոչ միայն հավաստի պատկերել է պատմական անողոք իրողությունը՝ թե ինչպես էին ապրում այդ հողի իսկական տերերը թուրքահպատակ դառնալուց հետո, այլև վերստեղծել է կյանքի լայն, ընդգրկուն պատկեր` համոզիչ իր մանրամասներով ու հակասություններով:

Հայոց Մեծ եղեռնը պատկերող առաջին ֆիլմը 1918 թվականին ԱՄՆ-ում նկարահանված«Հոգիների աճուրդ» կամ «Հոշոտված Հայաստան» (ռեժ. Օսկար Ափֆել) գեղարվեստական կինոնկարն է, ուր տեղ են գտել նաև վավերագրական կադրեր: Ֆիլմի գլխավոր հերոսուհին և միաժամանակ դերակատարուհին եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտիկանյանն է, որի ողբերգական պատմությունն էլ ընկած է ֆիլմի հիմքում:

Իհարկե, երբեք չեմ կարող թերագնահատել «Նահապետ» ֆիլմի (1977 թ, ռեժ. Հ. Մալյան) դերը, որը ժամանակին ցուցադրվել է բազմաթիվ երկրներում և բարձր գնահատականի արժանացել եվրոպական մամուլում:

Հայազգի ֆրանսիական անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 1991 թվականին նկարահանած «Մայրիկ» ֆիլմն իր արժեքով և կարևորությամբ նույնպես լիովին առանձնանում է:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002 թ.) ֆիլմը նկարված է ամերիկյան բժիշկ Քլարենս Աշերի հուշերի, նաև՝ մի գերմանուհու վկայությունների հիման վրա: Սակայն այդ բազմաշերտ ֆիլմում առկա են նաև միահյուսված շատ հարթություններ և բախումներ, որոնք վերհանում են Ցեղասպանության թեման ոչ միայն կոնկրետ իրական՝ պատմական առումով, այլև՝ նրա բարոյահոգեբանական հետևանքների ու դրանց հաղթահարման… Այս ֆիլմն ստեղծելու որոշումն Ատոմ Էգոյանը կայացրել է, երբ տասնամյա որդի Արշիլն իրենից և մորից՝ Արսինե Խանջյանից, լսելով թուրքերի ոճրագործության մասին, հարց է տվել. «Իսկ նրանք ներողություն խնդրե՞լ են»: Մեզ մոտ շատերը քննադատեցին, չընդունեցին այս ֆիլմը, իսկ օրինակ` ֆրանսիացի կինոգետ և լրագրող Ժան-Միշել Ֆրոդոնը, 2002-ին քննադատելով Ռոման Պոլանսկուն «Դաշնակահարը» ֆիլմում պատերազմի ավանդական ներկայացման համար, նշել է, որ «Արարատը» շատ ավելի «անհատական է, չնայած Պոլանսկին գիտի պատերազմն անձնական փորձով, այն դեպքում, երբ Էգոյանն այն գիտի միայն փոխանցված` այլոց ներկայացրածի հիման վրա»: Ցավով պիտի նշեմ՝ երկար ժամանակ կպահանջվի, որ մեզանում գնահատվի, գիտակցվի այս ֆիլմի արժեքը: Սա մի ֆիլմ է, ուր երևակված է, թե ինչպես է անցյալն անդրադառնում և անդրադարձվում ներկայի վրա:

Մեծանուն իտալացի ռեժիսորներ Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմ-վիպերգությունը նկարահանվեց 2007-ին հայկական ծագումով իտալացի գրող և գրականագետ Անտոնիա Արսլանի 2004 թվականին լույս տեսած և 12 լեզվով թարգմանված համանուն վեպի հիման վրա, ուր խիստ տպավորիչ եղանակով ու շքեղ գրական լեզվով ներկայացված է հեղինակի ընտանիքի պատմությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել