Սովորաբար փոքր երկրները չեն կախվում մեծերից, այլ մեծերն են նրանց կախում իրենցից։ Հին ժամանակներից սկսած՝ մինչև մեր օրերն այդ կարգն է գործում աշխարհում։ Հզոր երկրները զանազան մեթոդներով ու հնարքներով նվաճում են փոքրերին, ու ինչպես որսորդն է վարվում իր որսի հետ ու նրան հպարտորեն կախում է իր գոտիկից, այնպես էլ հզոր պետություններն են փոքրերին որսում ու գցում իրենցից կախման մեջ։ Ամերիկյան մայրցամաքի բոլոր փոքր երկրները կախված են ԱՄՆ-ից։ Ինչքան փորձեցին ազատվել այդ կախվածությունից, ոչ մի բան էլ չստացվեց։ Յուրաքանչյուր նման փորձն այդ երկրների վրա տասնյակ հազարավոր կյանքեր էր արժենում։ Մի քիչ Եվրոպայում սկսեց կարգը փոխվել, սակայն դրա հնարն էլ գտան, որ թույլ չտան փոքրերի անկախությունը։ Հնարեցին Եվրոմիությունը ու բոլորին ենթարկեցին այդ անիմաստ կառույցին։ Նույն բանը ժամանակին արել է նաև Ռուսաստանը, երբ իր շրջապատի բազում փոքր երկրներին նվաճել ու կցել էր իրեն։
Ասածս այն է, որ մեր ուզել-չուզելու հետ մեծերն այնքան էլ հաշվի չեն նստում, և սա օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստ է, որի հետ պիտի հաշվի նստենք։
Անտառում ապրող վայրի կենդանիների մոտ նույն սկզբունք է աշխատում, ինչ աշխարհի երեսին գոյություն ունեցող պետությունների միջև է գործում։ Ուժեղը կեր է փնտրում ու ուտում է թույլին։ Դե թույլն էլ պիտի մտածի իր պաշտպանական մեխանիզմների կատարելագործման մասին, որպեսզի իր կյանքը երկարացնի ու ապրի և ինչքան հնարավոր է՝ ուշ կեր դառնա հզորին։
Իհարկե, մարդկությունը վաղուց պիտի հասկացած լիներ, որ ամոթ է աշխարհում անտառի օրենքով շարժվելը։ Սակայն, ցավոք սրտի, դեռ մարդկությունն այդքան խելամիտ չի դարձել, որ հրաժարվի անտառի օրենքից։ Նույնիսկ ամենազարգացած երկրները չեն դիմանում գայթակղությանը ու, լորձերը աջ ու ահյակ ցփնելով, խփշտում են փոքրերին։ Փառավոր վայելած կերուխումի վերջում էլ փորձում են արդարանալ, որ, իբրև թե դեմոկրատիայի սերմերն էին ցանում այդ երկրում, իսկ այդ երկրի անխելք քաղաքացիներն էլ անգթաբար այդ սերմերը ոչնչացնում էին, և իրենք ստիպված մի լավ քոթակեցին այդ անհասկացողներին։ Դե, եթե մի քանի հարյուր հազարն էլ նրանցից զոհվել է, դա էլ մեծ գործերին բնորոշ մեծ զոհերն են եղել։



