Հանուն ազատության և անկախության հայ ժողովրդի մղած հազարամյա պատմության ընթացքում 1921թ. Փետրվարյան ապստամբությունն ուրույն տեղ է զբաղեցնում, կատարելով նաև յուրօրինակ խորհրդանիշի դեր: 1921թ. Փետրվարն, անշուշտ, մեր ժողովրդի հերոսական ոգու ապացույցն էր, պայքարի պոռթկման վառ դրսևորումը:
Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո բոլշևիկյան հեղկոմը հաստատեց բռնատիրական դաժան իշխանություն, որն առաջին հերթին ուղղված էր ամեն մի ազգայինը խորհրդանշող անհատի և կառույցի դեմ: Ձերբակալվեցին 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում՝ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը: Նրանց անխնա տանջանքի և ծաղրուծանակի պայմաններում աքսորեցին Բաքվի և Ռուսաստանի ճամբարներ: Նման անմարդկային զրկանքների արժանացան նաև մտավորականները, իսկ գյուղացիությունը ենթարկվեց համատարած կողոպուտի: Արդյունքում՝ ժողովրդի համբերության բաժակը բառացիորեն լցվեց: Համաժողովրդական ընդվզումի շնորհիվ արդեն փետրվարի 18-ին հեղկոմի չարաբաստիկ իշխանությանը վերջ տրվեց, բանտի ճիրաններից ազատվեցին 100-ավոր պետական գործիչներ և մտավորականներ (այդ թվում՝Հ. Քաջազնունին, Ն. Աղբալյանը, Լ. Շանթը):
Անմիջապես Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ ստեղծվեց պետական իշխանության արտակարգ նոր մարմին՝ Հայրենիքի Փրկության Կոմիտե, որը պետք է իրականացներ երկրի կառավարման գործառույթները մինչև կառավարության ձևավորումը:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2015/03/1921.html#.VPxkGtKUeog
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել