Tert.am-ը գրում է.
Հայաստանը պատրաստ է ավելացնել գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալը, բայց եթե լավ աշխատանք տարվի: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նման կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ընդգծեց, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը չի կարող էական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման համար։
«Հավատացեք ոչինչ չի փոխվել, միայն մեր աշխատանքից է կախված, միջազգային որ շուկա էլ տանենք մեր գյուղմթերքը, մեզ սպասում են։ Իսկ երկիրը արագ առաջ տանելու համար պոտենցիալը շատ է։ Համենայն դեպս տեսնում ենք, որ Կառավարությունն ավելի մտահոգված է, բայց հասկանալի է, որ մտահոգությունը գյուղատնտեսության համար քիչ է, աշխատել է պետք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Գյուղոլորտի մասնագետը տեղին չի համարում այն հաշվարկները, թե ԵՏՄ-ի ազդեցությունը գյուղատնտեսության վրա բացասական կլինի, ինչպես օրինակ այն, թե 13-ից 14%-ով թանկանալու են տրակտորները, շուրջ 19%-ով` բեռնատարները, շուրջ 5 %-ով` սերմացուն և 8-ից 9 %-ով թանկանալու է պարարտանյութը:
Սերմնացուի հարցում ըստ նրա՝ մաքսադրույքները չեն աճի, քանի որ Կառավարությունը սերմնացուն ընդգրկվել է 750 անուն ապրանքի ցանկում, որոնք ավելացված արժեքի հարկ չեն ունենա առնվազն 5 տարի։
«Պարարտանյութերի դեպքում՝ Կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում և կարծում եմ՝ որևէ խնդիր պարարտանյութի չի լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գյուղտեխնիկայի հարցում իրատեսական է համարում թանկացումները։
Հրաչ Բերբերյանը հստակեցրեց, որ խոսքն արտասահմանյան գյուղտեխնիկայի մասին է, թեև ընդգծեց, որ զուգահեռ նվազումներ կլինեն ռուսական և բելառուսական տեխնիկայի գներում։
Անդրադառնալով արտահանումների հնարավորություններին՝ նա նշեց, որ այստեղ էլ ոչինչ չի փոխվել. «Ինչպես միշտ արել ենք, այնպես էլ կշարունակենք, շատ գյուղմթերք կունենանք, շատ կարտահանենք։ Քանակը հետևողական աշխատանքից է կախված, որը և ակնկալում ենք, բայց այն, ինչ որ տեսնում ենք շատ քիչ է, մենք կարող ենք ճիշտ աշխատելու դեպքում արտահանումներն ավելացնել»,- ասաց նա։
Ամեն դեպքում ըստ նրա՝ գյուղոլորտում արդյունք արդեն իսկ կա, ինչի օրինակն է կարտոֆիլը.«Անցյալ տարի մենք 45 000 տոննա կարտոֆիլ ենք արտահանել, այսինքն՝ տեղաշարժեր կան, եթե ճիշտ աշխատենք՝ կավելանան»։
Հարցին, թե իսկ ի՞նչն է խանգարում, նա պատասխանեց, որ լավ սերմնացուի խնդիր կա, բանկային տոկոսադրույքներն են բարձր, գյուղացին վատ է վարկավորում, որն էլ ազդում է գյուղարտադրության քանակի վրա։ Նա խնդիր համարեց նաև հանրապետությունում եղած հակակարկտային կայանները, որոնք, ըստ նրա, չեն արդարացնում։
«Թե կլինի հակակարկտային ցանցային համակարգ այգիները փակելու համար, մշտական ծիրան կունենանք, չենք ունենա այդ համակարգը` ծիրան էլ չենք ունենա, որովհետև այդ հակակարկտային ծառայություներն իրենց չեն արդարացնում։ Պետք է տեխնիկական կանոնները պահպանվեն, ժամանակին սրսկումներն արվի, որ բացթողումներ չունենանք, այդ ժամանակ էլ բանջարեղենի արտադրությունը կշատանա։ Եթե գյուղացուն ժամանակին գործարանները վճարեն, գյուղացին ավելի շատ ցանքատարածքներ կմշակի։ Խնդրեմ Արարատում գյուղացին լոլիկի հանձնած գումարները դեռ չի ստացել»,- ասաց նա։
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե Արարատյան դաշտում գյուղատնտեսական աշխատանքները եռուն շրջանի մեջ են, պտղատու այգիների 80-85%-ը էտը ավարտվել է, կատարվել են սրսկումներ, բոլոր թվերը պատրաստ են և սպասում են հայտերին՝ ջուրը տալու համար։ Ըստ նրա՝ շուտ է սկսվել նաև պարարտանյութերի տրամադրումը. « 3 846 տնից բաշխվել է 1000 տոննա պարարտանյութ մարզի գյուղացիական տնտեսություններին»։
Մարզպետարանի աշխատակիցը շեշտեց՝ գյուղատնտեսության ոլորտն արդեն երրորդ տարին է շարունակում է լինել Կառավարության ուշադրության կենտրոնում, որպես գերակա ոլորտ։
Շարունակությունն՝ այստեղ



