Hartak.am-ը գրում է․
-Նարեկ, ըստ քեզ, հանդիսատեսը ո՞ր հեռուստանախագծից քեզ ավելի ճանաչեց ու սիրեց և ինչի՞ հետ է դա կապված:
-Կարծում եմ՝ հեռուստադիտողն ինձ ճանաչեց «Հանուն սիրո» հեռուստասերիալից: Հենց այդ սերիալի ժամանակ շատերն ինձ կանչում էին կերպարիս անունով: Շատ տարիներ են անցել, բայց դեռ մարդիկ կան, որ ինձ Գոռ են ասում: Ի դեպ, շատ լավ ու հետաքրքիր սերիալ էր` ասելիք կար: Գլխավոր դերերում խաղում էին Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը: Սերիալի հաջողությունը նաև կախված է լինում դերասանների ճիշտ ընտրությունից: Այդ առումով նշածս սերիալն, անշուշտ, հաջողված էր:
-Այսօր դու նաև խաղում ես թատրոնի բեմում: Ի՞նչ է թատրոնը քեզ համար և կարո՞ղ է արդյոք արվեստի մարդն ապրել թատրոնի տված աշխատավարձով:
-Այո, խաղում եմ Սունդուկյանի անվան թատրոնի մեծ ու հրաշալի բեմում... Իմ կյանքի մասին է թատրոնը: Սիրում եմ բեմը և անպայման հասնելու եմ իմ առջև դրված նպատակներին: Ես էությամբ շատ աշխատասեր եմ, և եթե նույնիսկ թատրոնի աշխատավարձը չի բավականացնում, անշուշտ ելքեր շատ կան: Աստված միշտ ողորմած է:
-Իսկ այն հանգամանքը, որ թատրոնը միայն հոգու պահանջներն է բավարարում ինչ- որ տեղ չի՞ փչացնում իսկական դերասանին` ստիպելով նրան առանց երկար մտածելու համաձայնել ցանկացած առաջարկի հետ` միայն թե հնարավոր լինի փող աշխատել:
-Կարծում եմ՝ ամեն ինչ գնալով պիտի լավանա մեր երկրում: Միայն թատրոնը չէ այդ վիճակում: Շատ ոլորտներում կա այդ ցածր աշխատավարձի գործոնը: Եթե համբերենք` ամեն ինչ լավ կլինի:
-Քո ընտանիքն արվեստագետների ընտանիք է: Կինդ` Ծովինարը, ևս դերասանուհի է: Մի հարկի տակ հե՞շտ է երկու դերասանների համար:
-Ընտանիքում մենք հասարակ մարդիկ ենք: Ոչ մեկս կյանքում չի խաղում: Այն դերասանները, ովքեր նույնիսկ ընտանիքում են խաղում, կարծում եմ, դժբախտ են: Մենք դերասաններ ենք միայն բեմում և էկրանին, իսկ մնացած դեպքերում հասարակ մարդիկ ենք` նույնիսկ ավանդական մտածելակերպով: Ես ու Ծովինարն իրար մի հայացքից ենք հասկանում, միշտ քննարկում ենք դեպքերը, իրարից թաքցնելու ոչինչ չունենք: Մենք սիրում ենք իրար արդեն 14 տարի և սիրելու եմ կնոջս հավերժ, որովհետև նա ամենագեղեցիկ կինն է ամբողջ աշխարհում:
-Ձեր որդին ևս հայտնվեց հեռուստաէկրաններին: Դա նրա՞, թե ՞ ձեր ընտրությունն էր:
-Նրա ընտրությունն էր: Անրին շատ մեծ աշխարհահայցք ունի և շատ խելացի երեխա է: Չգիտեմ ինչու` միշտ մերժում է թատրոնում լինելը, բայց հեռուստաէկրանին սիրում է երևալ: Ես հավատում եմ իմ տղային ու չնայած շատ փոքր է, միևնույն է՝ հաշվի եմ առնում նաև նրա կարծիքը:
-Երբ երիտասարդ ու համակրելի տղամարդ դերասանն ամուսնացած է, ունի երեխաներ դա չի՞ պակասեցնում նրա երկրպագուների քանակը և երկրորդ՝ խանդի պատճառ չի՞ դառնում:
-Ոչ, իհարկե, ոչ: Այո, ես ունեմ շատ համակրելի երկրպագուհիներ, շատերի հետ նույնիսկ շփվում եմ, բայց դա երբեք չի կարող անհանգստություն պատճառել կնոջս, քանի որ նա լիովին վստահում է ինձ:
-Մարտի 8-ի առթիով քո ցանկությունները հայ կանանց ու խորհուրդը` հայ տղամարդկանց:
-Ցանկանում եմ, որ բոլոր կանայք ունենան իսկապես լիակատար կանացի երջանկություն, իսկ տղամարդկանց ցանկանում եմ, որ ամեն պարագայում լինեն տղամարդ: Ես շնորհավորում եմ մայրիկիս ու կնոջս: Դուք իմ գանձերն եք: Թող Աստված օրհնի բոլոր-բոլոր մայրերին: