
Ուղիղ տասնինը տարի առաջ Մոքսոնների ընտանիքում միաբջիջ երկվորյակներ ծնվեցին։ Աղջիկներից մեկին Նաոմի անվանեցին, իսկ մյուսին՝ Հաննա։ Երբ Պիտերբորոյի այս փոքրիկ բնակչուհիները մի փոքր մեծացան, նրանց մայրիկը նկատեց, որ Նաոմին ձախլիկ է, իսկ Հաննան՝ աջլիկ։ Աղջիկների ծնողներին թվաց, որ դա պատահականություն է, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանք հայելային երկվորյակներ են։

Աղջիկները մայրիկի հետ
Հայելային երկվորյակները ծնվում են այն դեպքերում, երբ բեղմնավորված ձվաբջիջն ուշ է բաժանվում։ Հայելային երկվորյակները միաբջիջ երկվորյակների 25 տոկոսն են կազմում։ Նրանք ասես մեկը մյուսի արտացոլանքը լինեն։ Օրինակ՝ Հաննայի մոտ կաթնատամները սկսեցին դուրս գալ մի կողմից, իսկ Նաոմիի մոտ՝ մյուս։ Երբ Հաննան ու Նաոմին դեմ առ դեմ նստած ճաշում կամ գրում են, մեկը մյուսին նայելիս նրանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում ասես նրանցից յուրաքանչյուրն իր արտացոլանքն է տեսնում հայելու մեջ։

Աղջիկները սիրում են միանման հագնվել, միանման սանրվածքներ անել ու միանման դիմահարդարվել։ Նրանք իրար հասկանում են կես խոսքից։ Հարցազրույցի ընթացքում նրանք նշել են.
Մենք միշտ պաշտպանում ենք իրար։ Դպրոցում մեզ շատ էին ծաղրում այլ երեխաներից տարբերվելու համար. մեր դասարանում միայն մենք էինք երկվորյակներ։

Նաոմին ասել է, որ իրենց նմանության դրական կողմերից մեկն այն է, որ ինքը կարող է քրոջը խնդրել փորձել որևէ իր, որպեսզի կողքից դիտողի հայացքով տեսնի, թե արդյոք այն իրեն կսազի։

Այս կամ այն զգեստի կամ աքսեսուարի մասին խոսելիս յուրաքանչյուրս ասում ենք. «Այսինչ բանը սազում է ՄԵԶ, ոչ թե ԻՆՁ»։ Մենք ասես կես մարդ լինենք, ովքեր իրար հետ միասին մեկ ամբողջություն են կազմում
կես կատակ-կես լուրջ եզրափակել է Նաոմին։

Հաննան ու Նաոմին հաճախ ավարտում են մեկը մյուսի սկսած նախադասությունը ու կարող են անգամ առանց խոսքի կռահել իրար մտքերը։ Նրանք երբեք մի քանի ժամից երկար չեն անցկացրել իրարից հեռու։
![]() |
![]() |
6-րդ դասարանում աղջիկները փոխեցին իրենց դպրոցը ու սկսեցին երաժշտական գործունեությամբ զբաղվել։ Սկզբնական շրջանում նրանք երգում էին տարբեր խնջույքների ու հարսանիքների ժամանակ, սակայն վերջերս նրանք մասնակցության հայտ ներկայացրին «The Voice» երաժշտական նախագծին ու ավելի պրոֆեսիոնալ մակարդակով սկսեցին զբաղվել իրենց կարիերայով։

Ինչպես կարելի էր կռահել, նրանք նախագծին մասնակցում են ոչ թե առանձին-առանձին, այլ դուետով։ Այս տաղանդավոր հայելային երկվորյակների դուետը կոչվում է «Classical Reflections»։ Աղջիկների առաջին կատարումն այս նախագծին մեծ աղմուկ բարձրացրեց ու քննարկումների առարկա դարձավ։

«Twitter»-ի այն օգտատերերը, ովքեր ակտիվորեն հետևում էին նախագծին, երկու խմբի բաժանվեցին։ Նրանց մի մասը միայն գովեստի խոսքեր էր շռայլում աղջիկների հասցեին սոցկայքում, իսկ մյուսը՝ պարսավանքներ։ Մի քանի օգտատերեր անգամ համեմատել էին նրանց ամերիկյան հայտնի սարսափ ֆիլմերից մեկի երկվորյակներին։ Այնուամենայնիվ, դպրոցական տարիների փորձը կոփել է աղջիկներին՝ որպես ուժեղ անհատականություններ, ուստի նրանք սովորել են շատ չնեղվել բացասական մեկնաբանություններից։ Դե ինչ, հուսանք, որ աղջիկներն իսկապես նեղվելու առիթներ շատ չեն ունենա մյուսներից տարբերվելու կամ իրար նման լինելու պատճառով, և հաղթանակ մաղթենք նրանց։





