Աստղաբանություն: Այս բառը կարդալով՝ միանգամից պատկերացնում են մի ցնդած կնոջ կամ տղամարդու, որ, առավոտից երեկո նստած, մոլեգին վիճակում, լեզուն «դուրս գցած», գծում-ջնջում է քարտեզներ: Մանիակի պես փորձում է գուշակել ապագան, որ մարդկանց մոտ մեսիայի վիճակում լինի:
Կամ տեսնում են մի խորամանկ լրագրողի, որ նստել ու նախկինում ինչ-որ մեկի կողմից մոգոնված տեքստեր է ձևափոխում կամ հնարում և տեղադրում կայքում՝ որպես օրվա (տարվա) աստղագուշակ:
Սրանք են ամենատարածված կարծրատիպերը, որոնք ինձ պարզապես վիրավորում են: Ամեն կերպ փորձում եմ իմ գրառումներով, պահվածքով ցույց տալ, որ իսկապես աստղաբանությամբ զբաղվողը նույնպիսի նորմալ մարդ է, ինչ մնացածները, բայց համոզվում եմ, որ տարիներով ստեղծված կարծրատիպի դեմ միայնակ պայքարելը շատ դժվար է:
Կայացած մարդուն, աստղաբանին չի կարող հաճելի կամ հետաքրքիր լինել շոուի մակարդակի տեքստ գրելը կամ մեկին իր մասին ստույգ բան ասելով զարմացնելը: Աստղաբանը լավ պիտի իմանա նաև դիմագիտություն, հիրոմանտիա, տիրապետի մարմնի, ժեստերի լեզվին: Այսքանն արդեն բավարար է, որ առաջին անգամ տեսած մարդու մասին մի այնպիսի նուրբ բնութագիր տամ, որ զարմանա: Լավ, բա հետո՞: Ինձ համար դա այնքան վաղուց անցած երևույթ է, որ չեմ հասկանում, թե ինչու են ուրիշները զարմանում, որ դա տեսա:
Մարդն իր կյանքն է ապրում՝ անկախ մասնագիտությունից, հոբբիներից: Ու նրան նույնացնել որևէ կերպարի հետ ուղղակի չի կարելի: Ես սիրում եմ նկարել, գրել, կարդալ, քայլել, մարդկանց հետ շփվել: Բայց դրանք առանձին-առանձին չեն բնութագրում ինձ: Ես դրանց հանրագումարով էլ միայն մոտավոր կարող եմ նկարագրվել: Ես աստղաբանությունը չեմ, այնպես, ինչպես և մնացած բոլոր աստղաբանները: Ամեն մեկս մեր տեղում մեր կերպ ենք ներկայացնում այն, ինչն իմ գնահատմամբ՝ լուրջ վերլուծություն, բազմակողմանի մոտեցում պահանջող գիտություն է:
…
Երբեմն հոգնում եմ, որոշում փակվել, հրաժարվել մարդկանց ընդհանրապես պատասխանելուց, բայց չեմ կարող: Եթե ունես գիտելիք, որն ինչ-որ մեկին կօգնի ավելի լավ վիճակում լինել, ուրեմն բարոյապես իրավունք չունես չկիսել այն մարդկանց հետ:
Ուղղակի ուզում ես, որ դիմացինը քեզ ոչ թե «միշտ պատրաստ» ռոբոտի տեղ դնի, այլ զգայուն մարդ լինելդ նկատի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/869942113029067?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել