
1 To-do list
Միշտ գրի առ այն, ինչ պատրաստվում ես անել։ Պետք չէ այդպիսի արարքը թերագնահատել, քո հիշողության վրա հույս մի՛ դիր։ «Մտքիցս լրիվ թռել է». ծանո՞թ երևույթ է։ Պլանավորումը հաճախ օգնում է կողմնորոշվել՝ ինչ անել հետագայում։ Ցանկացած պահի կարող ես համոզվել, որ հետևում ես քո որոշումներին։ Բացի այդ՝ գրառում կատարելով՝ դու անում ես այն, ինչ գրել ես, համենայն դեպս գիտնականներն այդպես են կարծում։
2 Հաճախ նայիր ժամացույցին
Միշտ ժամանակին ժամանիր։ Ճշտապահությունը հատուկ է հաջողակ կանանց. կապ չունի՝ գործնական, թե ընկերուհիների հետ հանդիպման ես գնում։ Սա մեր կյանքի ամենալավ սովորություններից մեկն է։

3 Բարի եղիր
Որոշ կանայք համոզված են՝ հաջողության հասնելու համար պետք է դառնալ «Սատանան կրում է Prada»-ի Միրանդայի նման։ Բայց մենք չենք համաձայնվի այս պնդման հետ։ Ամենահաջողակ կանայք, ում հետ մենք շփվում ենք, առանձնանում են բարեհամբույր, ընկերական բնավորությամբ։
4 Մի մոռացիր շփվել
Գոյություն ունի մի լեգենդ. հաջողակ կանայք օրը 24 ժամ, 7 օր շարունակ անց են կացնում աշխատասենյակում։ Սակայն հաղթում են այն մարդիկ, ովքեր պարբերաբար հանգստանում են, որպեսզի ուղղակի շփվեն կոլեգաների հետ, սուրճ ըմպեն։ Վերադառնալով աշխատասենյակ՝ դու քեզ ավելի ոգեշնչված կզգաս։

5 Ժամանակ հատկացրու նաև քեզ
Կարող է մի փոքր պարադոքսալ հնչել, բայց հաջողության հասնելու համար պետք է ժամանակն այլ բաների համար էլ հատկացնել, որոնք կապված չեն աշխատանքի հետ. մանիկյուր, ընկերների հետ շփում կամ այլ նախասիրություններ, որոնք քեզ շատ դուր են գալիս։
6 Շարունակիր քո ուսումը
Հաջողակ մարդկանց ամենակարևոր հատկանիշներից մեկը նոր բաներ իմանալը և կարևոր տեղեկություններ ձեռք բերելն է։ Հետ մի՛ մնա, նորարարություններ մտցրու քո աշխատանքային պրակտիկայի մեջ։



