1in.am-ը գրում է․

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք իրեն ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն կլինի իշխանության պատկերացրած ինստիտուցիոնալ և գաղափարական ընդդիմությունը ՀՀԿ-ի համար, թե՞ ոչ: «Դժվար է ասել, թե ինչ ուղղությամբ կզարգանա այս ամենը»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալը, Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, նրա որոշումն է, և ցանկացած մարդու որոշման պետք է հարգանքով մոտենալ:

Նրա պնդմամբ՝ իշխանությունները չեն ճնշել որևէ մեկին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին: Իսկ թե ի՞նչ եղավ մեկ գիշերում, որ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ պահանջող մարդը մտափոխվեց, Գագիկ Մինասյանն ասաց՝ այդ մարդուն պետք է հարցնեք:

Հետաքրքրվեցինք՝ իշխանությունը ընդդիմադիր բևեռ ո՞ւմ է համարում՝ ՀԱԿ-ին, ԲՀԿ-2-ին, թե՞ ՕԵԿ-ին: «Կարծում եմ՝ հարցադրումը հիմքից սխալ է, ընդդիմադիր բևեռ պետք է համարի ժողովուրդը»,- պատասխանեց Գագիկ Մինասյանը:

Արդյոք իշխանությունը ինստիտուցիոնա՞լ է, այդ հարցի պատասխանը, ըստ զրուցակցիս, նույնպես ժողովուրդը պետք է տա: Նրա խոսքով՝ չեք գտնի որևէ ժողովուրդ որևէ երկրում, որ իշխանության քաղաքականությունից դժգոհ չլինի:

Գագիկ Մինասյանը նշեց, որ իշխանությունը չի պայքարում որևէ ուժի դեմ, համագործակցում է բոլոր քաղաքական ուժերի հետ: «Միշտ էլ եղել է ԲՀԿ-ի հետ համագործակցություն, մենք մեր բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել ենք և շարունակելու ենք համագործակցել»,- ասաց նա:

«Կար իրավիճակ, երբ ԲՀԿ ղեկավարն իրականացնում էր քայլեր, որոնք կարող էին հղի լինել բավական լուրջ հետևանքներով, դրա մասին իր խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը, և այլևս դրա հնարավորությունը չկա, և դրա մասին նույնպես ասել է Գագիկ Ծառուկյանը»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել