Tert.am-ը գրում է․

Եթե որևէ մեկը ՀՀ-ում ճանաչվում է անգործունակ, ապա նրա համար, շատ դեպքերում մինչև իր կյանքի վերջը, կարող է սկսվել փակ շղթա, որի կապանքներից դուրս գալու հնարավորություն նա այդպես էլ չի ունենում։


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մարդու իրավունքների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը։ Նա մշտադիտարկումներ է անցկացնում ծերանոցներում, կիսափակ տիպի հաստատություններում:


«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, որը ՀՀ պետական աջակցության շրջանակներում 18 տարին լրացած, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող միակ հաստատությունն է, որը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ, կարող են ընդունվել միայն անգործունակ ճանաչված անձինք: Այս հաստատությունից դուրս գալու որոշում վերջիններս չեն կարող կայացնել: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող նյարդահոգեբուժական բուժհաստատություններում ևս բուժում կամ խնամք են ստանում անգործունակ ճանաչված անձինք, ովքեր օրինական ներկայացուցչի համաձայնությամբ են ընդունվում, և միայն վերջինիս համաձայնությամբ կարող են դուրս գրվել հաստատությունից»,-ասաց իրավապաշտպանը:


Նշենք, որ այս հաստատությունում շուրջօրյա խնամքի տակ է շուրջ 450 անձ:


«Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մարդը անգործունակ է ճանաչվում, նրա բուժման մասին որոշումը կայացնում է խնամակալը, և տվյալ անձը չի կարող այնտեղից դուրս գալ փաստացի: Եվ այսպես տարիներով, ցմահ, մնում են հոգեբուժարանում»,- ավելացրեց Մարիետա Թեմուրյանը:


Նրա տեղեկացմամբ՝ հայկական պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ազգականները, աչք դնելով ինչ-որ մեկի ինչքին ու գույքին, դիմում են դատարան՝ նրան անգործունակ ճանաչելու համար կամ հոգեբուժարան՝ հարկադիր բուժում անցկացնելու համար:


Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» այլընտրանքային զեկույցում ևս նշվում է. «Կարելի է պնդել, որ որոշ դեպքերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքի անդամները ձգտում են իրենց հարազատին ճանաչել անգործունակ, որպեսզի տնօրինեն նրան հասանելիք սոցիալական աջակցության նպաստները, ավելին՝ ձգտում են տեղավորել պետական աջակցության շրջանակներում խնամք կամ բուժում տրամադրող հաստատություններում՝ տվյալ անձի ունեցվածքը ամբողջությամբ տնօրինելու նպատակով»:


Եվ սա այն դեպքում, երբ անգործունակ ճանաչվածների թիվը քիչ չէ, և բավարարվում է անգործունակ ճանաչելու հայցերի մոտ 60 տոկոսը:


Հաշմանդամություն ունեցող անձանց ՀՑԱՎ այլընտրանքային զեկուցի համաձայն՝ 2010 թ. հունվարի 1-ից մինչ 2012թ. հունիս ամիսը ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում անձին անգործունակ ճանաչելու նպատակով ստացվել է 739 դիմում, որից բավարարվել է 447-ը, այսինքն` դիմումների գրեթե 60 տոկոսը: Նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում անձին գործունակ ճանաչելու նպատակով դիմումներ չեն ստացվել: Միայն 2011թ. ընթացքում անգործունակ է ճանաչվել 213 քաղաքացի:


Իրավապաշտպանը նկատեց, որ անգործունակ ճանաչվածները պետք է այնպիսի փորձաքննության հնարավորություն ունենան, որը հնարավորություն կտա նրանց մասնակի անգործունակ ճանաչել: Այսինքն՝ իրենք անգործունակ են համարվում այն հիմքով, որ չեն կարողանում իրենց արարքների ու գործողությունների հետևանքները հասկանալ, սակայն կան այլ գործողություններ, որոնցից հետևանքները կարող են այդ մարդիկ հասկանալ:


«Օրինակ՝ եթե մարդը բժշկի, հանձնաժողովի եզրակացությամբ զրկվում է ընտրելու իրավունքից, որովհետև հասկանում են, որ նա չի կարող ընտրել, չի կարող աշխատել, դա չի նշանում , որ նա չի կարող ամուսնության մեջ լինել, որովհետև նրա կողակիցը կարող է ամուսնու անգործունակ ճանաչման հիմքով դիմել դատարան և ամուսնալուծվել»,- մանրամասնեց իրավապաշտպանը և նշեց, որ անձն առանց իր խնամակալի չի կարող ոչ մի գործարք կատարել, այդ թվում՝ իրավաբանական՝ լիազորել ինչ-որ մեկին, որպեսզի իր գույքը, վարձակալության տա, վաճառի կամ գույք գնի, քանի որ չի կարող պայմանագիր կնքել:


Մարիետա Թեմուրյանը  ողջունում է Քաղաքացիական օրենսգրքում անձի անգործունակության վերաբերյալ մի խումբ հանրապետական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, սակայն հայտարարում, որ այն քիչ է, քանի որ անգործունակ ճանաչելու ողջ ինստիտուտը բարեփոխման կարիք ունի: Այն է, որպեսզի անձը ճանաչվի անմեղսունակ ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի:


«Հիմնական խնդիրն այն է, որ «անգործունակ» տերմինը ամբողջական հասկացություն է, երբ մարդը ճանաչվում է անգործունակ ու զրկվում է իր քաղաքացիական, քաղաքական աշխատանքային, ամուսնանալու իրավունքներից, ինքը չի կարող կրթություն ստանալ, աշխատել»,- թվարկեց իրավապաշտպանը:


Հիշեցնենք, որ հանրապետական պատգամավորների նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննել խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:


«Քաղաքացու մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, եթե նրա մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար: Այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, գործը քննվում է քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում»,-ասվում է Վ. Բաղդասարյանի, Ա. Հովհաննիսյանի, Խ. Հարությունյանի, Է. Շարմազանովի և մյուսների նախագծում:


«Այն, որ մարդը պետք է ներկա լինի իր՝ անգործունակ ճանաչելու նիստին, միանշանակ կողմ եմ, որովհետև  հիմա պրակտիկան այնպես է, որ ոչ բոլոր դեպքերում են անձինք մասնակցում իրենց անգործունակության մասին դատական նիստերին ու ներկա լինում այդ որոշումների կայացմանը: Վիճակագրություն կոնկրետ չկա, բայց օրինակ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ շփվել եմ, իրենք ասել են, որ անգործունակ են ճանաչվել, բայց դատական նիստերին չեն մասնակցել»,- ասաց Մարիետա Թեմուրյանը:


Նշենք, որ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունում նշվում է, որ գործող 171-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացու դատական նիստին կանչվելը պայմանավորված է նրա առողջական վիճակով, սակայն նույնիսկ այն դեպքում, երբ անձի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատաքննությանը, օրենսգիրքը դատարանի հայեցողությանն է թողնում նրան դատական նիստին հրավիրելու հարցը:


Օրենքի հեղինակների հայացքով՝ օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ ընթացակարգով և ինչ չափանիշների հիման վրա է որոշվում դատական նիստին քաղաքացու անձնական մասնակցության հնարավորությունը և որպես  հատկանշական կամ նախադեպային բերում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Շտուկատուրովը ընդդեմ Ռուսաստանի գործով (Shtukaturov v Russia 44009/05 (2008)) որոշումը:


Մասնավորապես, ռուսական դատարանը Պ. Շտուկատուրովին անգործունակ էր ճանաչել միայն փորձագետի եզրակացության հիման վրա՝ նրան մասնակից չդարձնելով այն դատական նիստին, որի ժամանակ քննվում էր նրան անգործունակ ճանաչելու դիմումը: Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը նշել էր, որ դիմումատուն երկակի դեր ունի քննության ընթացքում. նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ միևնույն ժամանակ դատարանի քննության հիմնական օբյեկտ: Այսպիսով, դիմումատուի մասնակցությունն անհրաժեշտ է նրա համար, որ դատարանը կարողանա սեփական պատկերացումը կազմել նրա հոգեկան վիճակի վերաբերյալ: Հարկադիր բուժման մի շարք դեպքերում Եվրոպական դատարանը սահմանել է, որ հոգեկան խանգարում ունեցող անձը պետք է լսվի անձամբ, իսկ եթե անհրաժեշտ է, ներկայացուցչի միջոցով (օրինակ՝ Եվրոպական դատարանի որոշումը Winterwerp v. the Netherlands գործով):


Հիմք ընդունելով վերոգրյալը, օրենսդիրները ևս այն կարծիք են, որ Օրենսգրքի առկա կարգավորումը էականորեն սահմանափակում է արդար դատաքննության իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել