Որքա՜ն լույս ու մութ, որքա՜ն ցնծություն ու վիշտ - նույն օրվա մեջ: Մեր մայրաքաղաքի տոնն է - երեկոյանում էր, որոշեցինք տանը մնալ... Չմնայինք... Գալա համերգը - ասել է թե՝ պետական-կառավարականը, պաշտոնականը: Նունեն - կեղծ-մյուզիկլ ոճով մի խմբի հետ, Ալլան -կլարնետի քեֆչիական կլկլոցի տակ խաղացնում է ուսագոտին, Զարուհին - խումբը սև զուգագուլպաները դողացնում է սպիտակ շորերի տակից, ռեինկարնացիան անիծեց Սայաթ-Նովայի հիշատակը, Արամոն - չարքերի խմբի հետ ծաղրեց Վարդապետին, չհաս Սիլվան երգում է՝ «աշխարհը կառնենք ու գլխիվայր կշրջենք»...
Այստեղ է հայոց բարձր կառավարչական զույգը: Ի՞նչ եք անում այստեղ: Կողքին մեր գլխավոր վեղարավորն է: Ի՞նչ ես անում այստեղ: Կարծում եք՝ սա՞ է Հայ Մշակույթը: Կարծում եք՝ սա՞ է հայ ժողովուրդը: Հպատակվա՞ծ ենք...
Հայ հակամշակութային պետականություն - արհամարհում եմ քեզ: Զվարճացող ռաբիսական ամբոխ - արհամարհում եմ քեզ... Դուրս ելա տնից: Հասա, տեսա - մեր ուժը, մեր բնիկ իշխանությունը: Գալու ենք: Պարելով ենք գալու: Մեր ոտքի տակ կլինեն ձեր սև զուգագուլպաները, դողացող մսերը, կեղծ-փետուրները, քեֆչիական արդուզարդերը... Գալու ենք - «Կարինով», «Ծովակով»... Գալու ենք - «Իշախանապարով», «Կարնո քոչարիով»: Առնելու ենք Հանրապետության հրապարակը... Իսկ ձեզ ուղարկելու ենք վերադաստիարակության - հայ գեղջուկ աստվածներին կխնդրենք՝ ձեզ երգել ու պարել սովորեցնեն... Գալու ենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3355964438430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել