101_0762

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝ հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերը, անհաջողությունը, այնպես էլ՝ երջանկությունը, հաջողությունը, առողջությունը, հարստությունը, հավատը և սերը»։ Ամեն արատ մտքերի մեջ է. մեզ պատած հիվանդության բուժումը պետք է սկսել այստեղից՝ մտքերից: Քաղաքական դաշտ կոչվածը, որ վերջին 20 տարում, իբր, շարունակ պարզվում է, պարզվում ու… ավելի մխտռվում, դրանից է. մեր մտքերում են արատները, իսկ մարդիկ դրանք փնտրում են այլոց գործողություններում, որ առաջանում են, շարունակ, որպես պատահարներ: Գրելն իմ մտածումն է, իմ թերապիան ամենօրյա, ինքնաբուժումը: Ես ինֆորմացիոն թույնը՝ բացասական-հակաստեղծական-հակակենսական ինֆորմացիան, որպես ատաղձ, գործածում եմ իմ մտածումի մեջ ու արագ այդ մնացած շլաքը, որպես աղբ, դուրս շպրտում իմ մարմնից-մտքից, ջնջում եմ՝ «շիֆթդիլիթ» անում, վերականգնել հնարավոր չէ:

Հիմա, երբ եկել ես,
ոչ մեկից նեղված չեմ.
բոլորին բարևում եմ,
անգամ նրանց,
որ բանաստեղծություններս չեն կարդում:
«Սպասող մարդու օրագիր». իրանական ժամանակակից պոեզիա:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է մարտի 5-ը. լավ է, որ mskh.am-ը պատշաճ անդրադարձավ: Վազգենի հետ ինձ կապում է 1988-ից՝ արցախյան շարժումից սկիզբ առնող մոտիկությունը, որ հետո ամրացավ-ամրացավ… 1997-ից՝ թուլացավ… 1998-ին, երբ ես առաջադրվեցի նախագահի թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 3-ի հրաժարականով սկսված ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում, Վազգենն իմ դեմ թշնամացավ, անճանաչելի-ուրիշ մարդ դարձավ: Վազգենի եղերական մահվան բոթը, պատմել եմ, ստացել եմ Նուբարաշենի քննչական մեկուսարանում… Իմ արձագանքն անմիջական է, ոչինչ չեմ ուզում փոխել, ավելացնել. ինչ լավ է, որ մեկ հղումով-հպումով հիմա օրագրի ընթերցողը կարող է կարդալ «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը» և «Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր» 1999-ի հրապարակումները, որ«Նոր ուղի. նամակներ կալանատնից» «Շաղիկ» հրատարակչության 2000թ. թողարկած ամենակարդացվածներից են, երևի… Կուզենա՞ ընթերցողը, ինչպես չորս դրվագներ, 1990-ի, 1995-ի, 1996-ի, 1998-ի իմ մտածումները-կապերը կարդալ, սիրով կպատմեմ, որպես իմ կյանքի եղելություններ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել