Razminfo.am-ը գրում է․

Մարտի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում Արցախի հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է 60 և 80 մմ ականանետերով, Իսթիգլալ, ԱԳՍ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներով:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և ԶՈւ-23-2 զինատեսակը:

Նույն ժամանակահատվածում Պաշտպանության բանակի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր հայկական զինուժի գործողության մասին ու հաստատել իրենց զինծառայողներից մեկի վիրավորման մասին տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել