1.Հայուհին պետք է հիշի, որ կյանքը սիրելու, սիրվելու, ինքնառեալիզացվելու ու այդ ամենից հաճույք ստանալու համար է: Նա ոչ ոքի երբեք ոչինչ պարտավոր չէ, եթե չի խախտում սահմանադրությունը:
2.Հայուհին սիրում ու հարգում է իր ծնողներին, եթե վերջիններս հարգում են իրեն, իր ցանկություններն ու կամքը՝ որպես ազատ մարդու:
3.Հայուհին պետք է գրագետ լինի, գերազանց տիրապետի մայրենի լեզվին, 1-2 օտար լեզու սովորի, ուսումնասիրի այն առարկաները, որոնք իրեն են հետաքրքրում: Նա պետք է հիշի, որ կյանքը խոհանոց չէ, իսկ որակյալ երաժշտությունն իսկական կյանք է՝ այդ թվում և բարձրորակ հայկականը:
4.Հայուհին պետք է իմանա, որ նա ազատ է կապելու իր կյանքը կամայական մեկի հետ՝ գերմանացուց մինչև ուզբեկ, նույն սեռից մինչև միայնակությունը: Քանի որ նա ապրում է մեկ անգամ ու իր համատեղ/անկողնային կյանքը պետք է հաճելի լինի միմիայն իրեն:
5.Հայուհին պետք է հասկանա, որ ընտանիքը մրցակցային դաշտ չէ. կողակիցներն ունեն հավասար իրավունքներ՝ կամքի ու արտահայտման: Կնոջ իմաստությունը կանացիության ու ազատության մեջ է:
6.Հայուհին պետք է նվազագույն հոգեբանական, բուժօգնական, անատոմիական ու շրջակա աշխարհի մասին գիտելիքի պաշար ունենա՝ նախքան երեխա ունենալը: Նա պետք է կարողանա իրապես ազատ, կամային երեխա մեծացնել, ով ի վիճակի կլինի սեփական որոշումներ կայացնելու ու տրամաբանություն աշխատեցնելու:
7.Հայուհին պետք է հիշի, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունը վնասում են իր առողջությանը, դատապարտելի դարձնում հասարակության ու ընտանիքի առաջ: Իսկ տգեղ բառապաշարը դարձնում է նրան անցանկալի ու գռեհիկ:
8.Հայուհին պետք է գիտակցի, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չպետք է ազդի իր անձնական կյանքի ու նախընտրությունների վրա. նա ազատ է ունենալու կամայական ազգության ընկերներ, եթե այդպես է ցանկանում:
9.Հայուհին իրավունք ունի զրուցելու տղամարդկանց հետ, եթե կա ընդհանուր քննարկման թեմա, և եթե դա հաճելի է բոլորին:
10.Հայուհին պետք է ապրի նրա հետ, ում ինքը ցանկանում է մարմնով ու հոգով, պետք է հիշի, որ ինքն ազատ է դադարեցնելու այդ մարդու հետ համատեղ կյանքն այն պահին, երբ այն անտանելի է:
11.Հայուհին պետք է գիտակցի, որ երեխա է ունենում ոչ թե ազգի համար, այլ սեփական կամքին ու հնարավորություններին համաձայն: Իրական հերոսությունն առողջ, ուժեղ, խելացի ու ազատ երեխա մեծացնելն է:
12.Հայուհին պետք է հիշի, որ ամեն մարդ ունի սեփական արժեհամակարգն ու սկզբունքներն՝ անկախ ազգությունից: Ամոթ է վատ մայր, տգետ մարդ կամ հանցագործ լինելը:
13.Հայուհին իրավունք ունի կազմակերպելու սեփական ժամանցն այնպես, ինչպես ինքն է ցանկանում, սակայն պետք է հիշի, որ հենց ինքն էլ պատասխանատու է այդ ժամանցի համար բոլորի առջև:
14.Հայուհին պետք է նվազագույն գիտելիք ունենա կրոնագիտության մասին և հիշի, որ եկեղեցական համակարգը, եկեղեցի հաճախելը կապ չունեն հավատքի ու կրոնական փիլիսոփայության հետ:
15.Հայուհին պետք է ամեն ինչ անի երջանիկ, ինքնաբավ, լիարժեք, բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Դա հայուհու գլխավոր խնդիրն է կյանքում: