Տևական ժամանակ է՝ բողոքի նոր ալիք է հասունացել, որը նախօրեին հանրապետության միանգամից մի քանի քաղաքներում բողոքի ակցիաների հանգեցրեց: Տաքսիների վարորդները բողոքում են լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխությունների դեմ, ըստ որի՝ տաքսիների ներկայիս դեղին համարանիշները կփոխարինվեն սովորական սպիտակ համարանիշներով, ամեն ամիս նրանք 12 հազար դրամ գումար կվճարեն լիցենզիայի համար։ Բացի այս, պարտադիր պայման է լինելու, որ տաքսիները կահավորված լինեն հաշվիչ սարքերով, ու բնական է` վարորդները բողոքում են այս ամենի դեմ: Բողոքի հիմնական թեզն այն է, որ այդ գումարը սոցիալական ներկայիս պայմաններում հնարավոր չէ մուծել և որոշումը, ըստ այդմ, պետք է կասեցվի:
Սակայն, լիցենզավորման կարգը մի շարք կարևոր փոփոխություններ է առաջարկում, որոնց հիմքում ընկած է մեր բոլորիս անվտանգությունը: Համաձայնեք, ինչ-որ տեղ շտապելիս, տանից դուրս գալիս կամ փողոցում տաքսի բռնելիս մենք քիչ ենք ֆիքսվում այնպիսի խնդրի վրա, թե ո՞վ է այն մեքենայի ղեկին, ում մենք X ժամանակով վստահելու ենք մեր կյանքն ու առողջությունը:
Լիցենզավորման կարգի այս փոփոխությունները լուծում են նաև սույն խնդիրը, երբ տաքսի կանգնեցնելիս մենք այլևս ապահովված ենք լինելու (խոսքը գլոբալ ապահովության մասին չէ իհարկե), քանզի վստահ ենք լինելու, որ տվյալ անձը տաքսի վարելու համար լիցենզիա ունի, ու դա իր ԱՇԽԱՏԱՆՔՆ է: Դա են վկայելու տաքսու տարբերանշանները, որոնք մեքենան կտարբերակեն մյուս մեքենաներից:
Բողոքն առ այն, որ պետք է հաշվիչ սարքավորումներ տեղադրվեն ևս անհիմն է, քանզի որքանով վարորդներն ուզում են գումար վաստակել, այնքան մենք բոլորս` տաքսուց օգտվողներս, ուզում ենք մեր գումարը խնայել ու տեղ հասնելուն պես անակնկալի չգալ, որ երեկա այդ նույն ճանապարհի համար 1000 դրամ ենք վճարել, բայց այսօրվա վարորդը, իր իսկ քմահաճույքից ելնելով, 1500 դրամ է պահանջում:
Ինչ վերաբերում է ամսական 12 հազար դրամ վճարելու պահանջին, ապա մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ անգամ եթե այդ 12 հազար դրամի փոխարեն սահմանվեր 1000 դրամ վճարելու պահանջը` միևնույն է՝ բողոքելու էին: Այո, դժվար է գումար վաստակել, դժվար է հարկեր վճարել, բայց իրականում խնդրին կարելի է փոքր-ինչ այլ կերպ մոտենալ ու հասկանալ, որ օրական 300-400 դրամ հետ գցելով՝ ամսվա վերջ այդ 12 հազար վճարը ոչ մի ծանր բեռ չի հանդիսանա… Բայց, կրկնենք, մարդու հոգեբանությունն է այդպիսին:
Եվս մեկ նկատառում. ցավոք, հայաստանյան ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հաճախ մարդկանց միտումնավոր շեղում են խնդրի էությունից ու չեն բացատրում կամ ճիշտ չեն ներկայացնում այդ կամ այն փոփոխության կարևորությունը` սեփական նկատառումներից ելնելով ու ինչ-ինչ դիվիդենտներ շահելով:
Բողոքի ակցիա անելը դարձել է նորաձև, որոշակի թվաքանակով մարդ հավաքելը դարձել է no problem` միայն թե հայտարարես, որ պատրաստվում ես նրանից հարկ հավաքել, ու պատրաստ է` բողոքավոր զանգվածը կհավաքվի ցանկացած օր ցանկացած վայրում: Բայց եկեք մի փոքր ավելի գրագետ մոտենանք խնդիրներին, ամենակարևորը` փորձենք կարդալ այն, ինչ փոփոխվում է ու հասկանանք այն, ինչ բարելավվում է: Ավելի քան համոզված եմ։ Որոշ ժամանակ անց նույն այդ վարորդները, որ այսօր բողոքում են 12 հազար դրամ վճարելու պարտադրանքից, մոռանալու են դրա մասին, ինչպես ժամանակի ընթացքում մոռացան բացասական երանգավորում ունեցող իրենց տեսակետներն ԱՊՊԱ համակարգի ներդրման մասով: