Եթե միանգամից ասենք, որ Ստեփանակերտը պատկանում է աշխարհի ամենից հին բնակավայրերի թվին, գործին անտեղյակ մարդիկ կարող են զարմանքով հարցնել` այդ ինչպե±ս, մենք գիտենք, որ այս քաղաքի նախակարապետը Վարարակն գյուղն է, հետո այդ գյուղի մոտ ստեղծվել է ռուսական զորանոց, որի շուրջը բնակվել են բանակին սպասարկող շուրջ 60 ընտանիքներ, բնակատեղին կոչելով Խանքենդի:
Այո, դա ճշմարտություն է, բայց դա Ստեփանակերտի տարածքի վերջին հարյուրամյակի համառոտ կենսագրությունն է: Մինչդեռ այս քաղաքը սփռված է վաղ միջնադարյան և միջնադարյան տասը գյուղատեղերի վրա, որտեղ կարելի է հաշվել ավերակ 10 եկեղեցի, հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր: Իրենց հերթին այդ գյուղերը ընկած են հայկական բնաշխարհին բնորոշ քարեդարյան, բրոնզեդարյան հնագույն մշակույթի տարբեր շերտերի վրա:

Ստեփանակերտի քարեդարյան, բրոնզադարյան բնակատեղերի մասին բարձրաձայն խոսվել է դեռևս18-րդ դարի վերջին քառորդում և 19-րդ դարի 30-ական թթ.: Սակայն խորհրդային տարիներին, սկսած 40-ական թթ. այդ նյութերի մասին խոսելը որակվում էր նացիոնալիզմ: Բայց ինչպե±ս կարող ես լռությամբ անցնել Վ.Բելքի, Ա.Իվանովսկու, Կ.Գանի, Լ.Հապոտի, Ի.Մեսչանինովի, Է.Ռելսերի, Յա.Հումելի և ուրիշ տասնյակ հնագետների կարծիքի կողքով, գիտնականներ, որոնց ընդունել են աշխարհի շատ ժողովուրդներ և նրանց միջոցով ճանաչել իրենց հայրենիքի անցյալը: Հենց այս գիտնականներն էլ Ղարաբաղի տարածքում հայտնաբերած հնագույն մշակույթը համարել են Վանի թագավորության ժամանակներին, որոնք ծագումով ու բովանդակությամբ հայկական մշակույթ են: Այս փաստի փայլուն օրինակներ է տվել Ստեփանակերտի հարուստ հնավայրը: Դա զարմանալի չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղը աշխարհում հայտնի է նախամարդու բնակավայրերից մեկը: Այդ մասին է խոսում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարայրից պեղած նյութը:

1938թ. ամռանը Կրկժանի գյուղացիները այժմյան Ստեփանակերտի տարածքում հերք կատարելու ժամանակ գտան մի կարաս, որի մեջ կար բրոնզե վեց կացին, չորս հատ գավազանի բրոնզե գլուխներ, չորս ապարանջան, մի կտոր ոլորած լար, եղջյուրավոր կենդանու և թռչունի մի-մի արձանիկ, հինգ մանր բրոնզե խողովակներ, մի քանի խխունջներ և վեց կգ սարդիոնի (թանկագին քար) տարբեր չափսի ուլունքներ:

Նույն թվականի օգոստոսի 17-ին հատուկ գիշարշավ ուղարկվեց Ստեփանակերտ` գտնված կարասի վայրը ուսումնասիրելու համար: Գիտարշավի ղեկավար Յա.Ի.Հումելը նկատեց, որ Կրկժանի գանձը պահուստ է, հետևապես` նա բրոնզեդարյան դամբարանները որոնեց կարասի գտնման շրջապատում: Հնագետը Ստեփանակերտ քաղաքի տարածքում հայտնաբերեց մի քանի գերեզմանաթմբեր և պեղելու համար ընտրեց չորս տարբեր ժամանակաշրջանների պատկանող դամբարաններ:

Արշավախումբը Կիրովի (այժմ Ազատամարտիկներ) պողոտայի մուտքի մոտ պեղեց թիվ 103 գերեզմանաթումբը, որտեղ գտնվեց 48 տարբեր հասակի մարդկանց կմախքներ: Ստեփանակերտում Յա.Ի.Հումելի պեղած մի քանի գերեզմանաթմբերի ստորին շերտերը տալիս են նեոլիթյան ժամանակաշրջանին բնորոշ մշակույթ: Այդ պեղումներից պարզվեց նաև, որ մ.թ.ա. չորրորդ հազարամյակում մարդիկ մշակել են բրուտագործության մի այլ եղանակ, այն է` կտորին տալով իրենց ցանկացած ձևը, ծեփել են դրսից և թրծել հնոցում: Առանց դրգի, խեցեղենի պատրաստումը նորություն չէ, որովհետև տեքստիլային խեցեղենի զուգահեռները հաճախակի են հանդիպում հայկական լեռնաշխարհի չորրորդ հազարամյակի խեցեղենի նմուշների մեջ:

1938-39թթ. Յա.Ի.Հումելի ղեկավարությամբ, Ստեփանակերտում պեղվել են թիվ 103, 119,121,122,123,124 և 125 գերեզմանաթմբերը: Հայտնաբերված հնագիտական հարուստ առարկաները, հատկապես բրոնզեդարյան շրջանի նյութերը, ապացույց են, որ Արցախում գոյություն է ունեցել նման բարձր մասնագիտացված արվեստ: Պեղած այդ առարկաները (քարե, բրոնզե, ոսկրե, երկաթե զենքերն ու զարդերը և կերամիկայի հարուստ նմուշները) դարձել են Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի առաջին ցուցանմուշներ: Յա.Ի.Հումելը իր պեղումների մասին մանրամասն զեկուցել է ԼՂ մարզխորհրդին:

Պեղելով Ստեփանակերտի թիվ 103 գերեզմանը, Հումելը նկատեց թաղման անսովոր մի պատկեր: Մի կլոր, խոր և մեծ փոսի մեջ թաղված մարդկային կմախքները գտնվում էին տարբեր շերտերի վրա, այդ նշանակում է, որ նրանք թաղվել են տարբեր ժամանակներում: Դամբարանը ուներ մուտք, իսկ կլոր փոսի պատերը ծեփված էին չծծվող կավով: Փոսի շուրջը ստեղծված էր ջրհորդան: Թաղման փոսի համար անսովոր այս ձևը կասկածանք առաջացրեց հնագետի մոտ: Արդյոք, նա գործ չունի± հայկական լեռնաշխարհի այն հնագույն տիպի բնակարանի հետ, որի նկարագրությունը գտնում ենք հույն պատմաբան (մ.թ.ա. 5-րդ դար) Քսենեֆոնի ՙԱնաբազիս՚ գրքում. ՙՏները այստեղ գետնափոր էին, մուտքը` ինչպես ջրհորի բերան, իսկ ներքին մասը` ընդարձակ: Մինչդեռ, անասունների համար մուտքը փորված էր հողի մեջ՚: Յա.Ի.Հումելի պեղած մի քանի գերեզմանները նրա նկարագրությամբ խիստ մոտենում են հայկական այդ հին բնակարաններին: Այսպես, օրինակ, նրա պեղած թիվ 119 գերեզմանաբլուրը (այժմ` Հեքիմյան փողոցի վրա) ուներ հետևյալ պատկերը. 4.5 մետր տրամագծի շրջանաձև հարթակի վրա բացակայում էր հիմնավոր գերեզմանափոսը, որը տիպական է այդ շրջանի դամբարանների համար: Այս գերեզմանափոսի պատերը նույնպես ծեփված էին կավով, իսկ մուտքի մոտ կանգնեցված էր 1.45 մետր բարձրությամբ և մոտ մեկ մետր լայնությամբ տափակ քար, որը դռան դեր է խաղացել: Այդ գերեզմանաթումբը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես նրանում հայտնաբերված գտածոների, այնպես էլ շերտագրական տվյալների տեսակետից: Գերեզմաններից գտնված փայտի կտորները վկայում են, որ այդ փոսերը ունեցել են փայտե ծածկ: Հայտնի է, որ նույնպիսի գերեզմանների հանդիպել է նաև հնագետ Մ.Իվանովսկին: Հարկ ենք համարում նշել, որ հայկական լեռնաշխարհի Քսենեֆոնի նկարագրած բնակարանների ձևը Լեռնային Ղարաբաղում պահպանվել է մինչև 20-ական թթ.: Դրանք հողի մեջ կառուցված են, որոնք կողքից ունեն դուռ, իսկ կտուրի կենտրոնում ջրհորի բերանի մեծությամբ` անցք: Այդ տիպի բնակարանների ձևը պահպանվել է նաև մեր վանքերի և բերդերի համալիրում:

Տարբեր ժամանակներում Ստեփանակերտից հայտնաբերել են քարե հատիչներ, մուրճեր, սանդեր, բրոնզե զենքեր ու զարդեր, երկաթե դաշյուններ, մեծ քանակությամբ խեցեղեն ամաններ:

1967-73թթ. Ստեփանակերտի Անտառային և Տիեզերագնացների փողոցներում անհատական բնակարաշինարարության ժամանակ բացվել են կարասային տիպի հարուստ թաղումներ: Գտնված առարկաները հանձնվել են թանգարանին: Ամենից հարուստ թաղումը հանդիպել է 1967թ. աշնանը: Կարասներից մեկում գտնվել է երկաթե թուր, լայնաբերան երկկանթ կճուճ և արծաթե դրամ, որը թվագրվում է ս.թ.ա. առաջին դար: Հետաքրքիր է նաև իմանալ, որ ութ կարասներից մեկում գտնված կճուճը, որը կոչվում է կթիչ, մինչև հիմա էլ գործածական է մեր կենցաղում: Այդ կճուճը ոչնչով չի տարբերվում մեր ժամանակներում դրգի վրա պատրաստված նման տիպի կթիչ-կճուճներից:

Կարասներից մեկում գտնվեց նաև գործվածքի մի պատառիկ: Սկզբնական շրջանում այն ուներ կանաչ գույն, կարասից հանելուց հետո, գունաթափվեց, ասես մոխրացավ: Նույն այդ կարասում գտնվել են ոսկրե հյուսիչներ, որի զուգահեռները մինչև հիմա էլ կարելի է տեսնել Ղարաբաղի գյուղերում` գորգագործությամբ զբաղվող մարդկանց մոտ:

Դամբարաններից մեկում ավելի վազ գտնված գավի վրա փորագրվում էր թռչունի պատկեր, հավանական է կաչաղակի կամ ագռավի: Կաչաղակը կամ կապաղակը, ինչպես նշվում է մեր մատենագիրների մոտ, հին հայերի համար պաշտամունքի թռչուն է եղել: Ընդհանրապես տոտեմական ծագումով սրբավայրերը հիմա էլ մնում են մեր կենցաղում ու հիշողության մեջ: Նշեմ նաև, որ Արցախում այդ անունով նույնպես քաղաք է եղել:

Ստեփանակերտում գտնվել է խեցեղեն` ցուլի պատկերով, ինչպես նաև բրոնզե մանր արձանիկներ` թռչունների և կենդանիների պատկերով: Շահ հետաքրքիր է նաև բրոնզե ճարմանդի վրա դրվագած ձիերի պատկերները: Ձիաբուծությունն Արցախում եղել է մարդկանց գլխավոր զբաղմունքը: Հույն զորավար և աշխարհագետ Ստրաբոնը վկայում է, որ պատերազմների ժամանակ Արցախը դուրս էր բերում մեծ թվով այրուձի:

Ստեփանակերտի հնադարյան պատմության մասին թեև թռուցիկ, բայց անդրադարձել են պատմաբաններ Ս.Հ.Սարդարյանը (ՙՆախնադարյան հասարակությունը Հայաստանում՚, Երևան, 1967թ., էջ 180,200,226) և Է.Վ. Խանզադյանը (ՙՀայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՚, Երևան, 1967թ., էջ 31): Խորհրդային տարիներին հայ գիտնականների նման մոտեցումը պետք է համարել խիզախություն, որովհետև Բաքվի կողմից ամեն անգամ նման հաղորդումներն ուղեկցվում էին աղմուկով, շանտաժով և հիստերիայով: Չնայած դրան, հնագետ, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Հ.Սարդարյանը 1967թ. հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակված իր գրքում գրել է. ՙԷնեոլիթյան դարաշրջանի հնագույն ժամանակին պետք է թվագրել նաև մի շարք դամբարաններ արխայիկ տեսքի առարկաներով, պեցված Խաչենագետի ափին` Արցախում և Ստեփանակերտի դամբարանադաշտում՚ (նույն տեղը, էջ 200):

1885թ. Շուշվա ռեալական ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռեսլերը Խոջալլվում պեղումներ կատարելու ժամանակ հայտնաբերեց սեպագիր արձանագրությամբ մի ուլունք, որը ուղարկվեց Պետերբուրգ, Էրմիտաժ:

1926թ. պրոֆեսոր Ի.Մեսչանինովը վերծանել է արձանագրությունը, կարդալով` ՙՏիեզերքի թագավոր Ադադ Նիարու՚ բառերը: Խոսքն այստեղ Ասորեստանի թագավոր Ադադ Նիարիի մասին է, որը եղել է Շամիրամի որդին: Ինչպե±ս է ընկել այդ ուլունքը Խոջալլվի հին շրջանը: Ընդունված է այն կարծիքը, որ ուլունքը որպես ավար, այստեղ է բերվել Ասորեստանի դեմ հայ թագավորների արշավանքներին մասնակցած Արցախի իշխանի կամ թագավորի ձեռքով (Խ.Սամուելյան, ՙՀին Հայաստանի կուլտուրան՚, Հ.2-րդ, Երևան, 1941թ., էջ 303):

Ստեփանակերտի հնավայրը Խոջալլվի հետ միասին,ընկած է Կարկառի հովտում: Այժմ Խոջալլվի հնությունների այդ շրջանը մտնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքի մեջ և, փաստորեն, նրա անբաժանելի մասն է կազմում: Անկախ այս ամենից, հնագետները այդ երկու հնավայրը տեսնում են մեկտեղ: Խոսելով էնեոլիթյան և պալեոլիթյան շրջանների մասին, Հ.Սարդարյանը նշում է, որ ՙԱյդ ժամանակին յուրահատուկ թաղումները հայտնի են նաև Արցախում` Լեռնային Ղարաբաղում` Խաչանագետի ափին և Ստեփանակերտի հին բնակավայրերի մոտ՚: Այո, Ստեփանակերտը հայտնի է իր հին բնակավայրերով, որոնց ակունքները գալիս են քարե դարից, շերտավորվելով մարդկային պատմության բոլոր ժամանակաշրջաններին հատուկ նյութական մշակույթով:

Ստեփանակերտը հայտնի է նաև իր Կիկլոպյան ամրոցով: Ցավոք, այս հնադարյան ամրոցի մասին մինչև այսօր ոչ մի ղարաբաղցի մտավորական գաղափար չունի: Բանն այն է, որ այդ բերդի պարիսպները դեռ հին ժամանակներում շինաքար են հանդիսացել Կրկժանի, իսկ վերջին 70 տարում` նաև Ստեփանակերտում տուն կառուցող շատ մարդկանց համար:

Ստեփանակերտի Կիկլոպյան ամրոցը գտնվում է Կրկժանի և Ստեփանակերտի միջև ընկած բլրի վրա: Այդ բարձունքը հին կրկժանցիները կոչում են Հակոբի թումբ: Չնայած հազարամյակներ են անցել այդ բերդի գլխով, բայց մինչև 1950թ., հատկապես նրա հյուսիսային մասում մնում էր հսկա քարերով, առանց կրաշաղախի կառուցված պատ: 1960-70թթ. բուլդոզերներով ու բարձիչ մեքենաներով տարվել են այդ քարերը: Իմ բողոքի նամակներն այն ժամանակ ԼՂ մարզային խորհրդին, Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահին մնացել են անարձագանք: 1967թ. մեր խնդրանքով Երևանից Ստեփանակերտ այցելեց հին շրջանի մասնագետ, պատմաբան, հնագետ Ստեփան Եսայանը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Հայաստանի Կիկլոպյան ամրոցները: Չնայած բերդի քարերը վաղուց տարել էին, հնագետի համար դժվար չեղավ գծել նրա հատակագիծը, որոշել բերդի սահմանները և նույնիսկ նրա հյուսիսային մասում գտնել ամրոցի պատի մի հատվածը: Այս բերդի հարավային լանջը, որ հիմա Հայկավանի նոր թաղամասն է, հայտնի է քարարկղային թաղման իր դաշտով: Ժամանակին հայ մեծ վիպասան Րաֆֆին, Ղարաբաղի մելիքների մասին նյութեր հավաքելու ժամանակ, անցել է Կրկժանով: Գյուղացիները նրան ցույց են տվել այդ ամրոցը, ապա դամբարանադաշտը, ուր գյուղացիների օգնությամբ հետաքրքրության համար մի քանի դամբարաններ է բացել: Այդ տեղանքը հիմա կոչվում է ՙՐաֆֆու գյոռոտ՚:

Ստեփանակերտը 1500 հեկտար տարածությամբ ընդգրկում է քարեդարյան, բրոնզեդարյան դամբարանների և վաղ միջնադարյան ու միջնադարյան 10 հայկական գյուղերի հնությունների վրա: Այդ գյուղերից առաջինը Վարարակն է, որը գոյություն է ունեցել մինչև 1750թ., մինչև Շուշիի բերդը Մելիք Շահնազարի կողմից թափառական Փանահին տալը: Վարարակնից բարձր Սալին ճոթ լեռան վրա գտնվել է Մռակած գյուղը, որի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Այդ գյուղի աղբյուրի ջուրը ռուսներն են զորանոց բերել: Հաջորդը` Հայբալուն է, որը ընկած է Կրկժանի և ներկայիս Հայբալու ավերակ գյուղի միջև: Սա ներկայիս Հայբալուն չէ, որ ավերվել է 1920թ. գարնանը, այլ նրանից վեր գտնվող ավերակները: Մռակածը և Հին Հայբալուն նույնպես հայաթափվել են պատերազմների հետևանքով:

Երկու հին գյուղ է եղել Կարկառի ափին, ներկայիս Ստեփհէկի տարածքում: Դրանցից մեկը կոչվել է Ներքին շեն կամ Սողոմոնի շեն: Այս գյուղի գերեզմանատանը, նրա մեջ գտնվող մատուռը պահպանվել է մինչև 1960թ.: Գյուղի ավերակ եկեղեցին գտնվում է էլեկտրատեխնիկական գործարանի վերին արտադրամասի դիմաց, Կարկառի աջ ափին, բաց դաշտի մեջ: Պահպանվում է նաև այս գյուղի ավերված քարվանատունը ՙԳազի կանտոր՚ կոչվող հիմնարկի դիմաց, ճանապարհի աջ թևի վրա: Սրանից բարձր, գետի ձախ ափին փռված է եղել Բաղեն շենը: Այս երկու գյուղերը գոյատևել են մինչև 1920թ.: Մեզ հաջողվել է 1975թ. զրուցել Բաղեն շենում ծնված Հայրապետ և Դավիթ Դավթյանների հետ, որոնք Խանքենդի են փոխադրվել պատանի հասակում: Հայրապետը վառում էր ավանի փողոցների փայտյա սյուներից կախված նավթառները, իսկ Դավիթը կառապան էր աշխատում զորանոցում:

Հաջորդ գյուղը Մազի կամուրջից բարձր, Հայբալու գետի ձախ ափին Արմենավանն է: Այս գյուղը հիմնադրել է շուշեցի բժիշկ Մովսես բեկը, կառուցելով այստեղ ջրաղաց և հիվանդանոց, ուր գլխավորապես բժշկում էր թոքախտավորներին: Արմենավան անունը հետո է տրվել նրան: Ավելորդ չենք համարում նշել, որ Արմենակ Կարակոզյանը, որի անունով կոչվում էր Ստեփանակերտի այդ թաղամասը, եղել է հայ ժողովրդի ամենից քստմնելի դավաճանը: Այդ հեղափոխականը, ինչպես պարզվել է արխիվներից, կաշառված է եղել Բաքվի թուրքերի կողմից և խոստացել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը կարճ ժամանակում դնել թուրքական թրի տակ:

Շուշեցի բժիշկ Մովսես բեկը, ժամանակի մամուլի հաղորդմամբ, մտադիր էր ֆունիկլոր (ճոպանուղի) գցել Շուշի-Հայբալու հատվածի վրա:

Մենք չենք խոսում Կրկժանի մասին, բայց ասենք, որ Ղարաբաղի բարբառին քաջատեղյակ լեզվաբան Կարո Դավթյանն այդ անունը բխեցնում էր այդ գյուղի Թոնրի աղբյուրի կարկաչից: Մենք Վարարակնի հարևանությամբ ունենք և մի գյուղ, որը գոյատևեց մինչև 1960-ական թթ.: Դա Փահլուրն է: Պետք է արժանին գնահատել այս գյուղից Ստեփանակերտ տեղափոխված փահլուրցիներին: Սրանք ջամիլուցիների պես իրենց տները չվաճառեցին թուրքերին, գերադասեցին քանդել, քան վաճառել: Այժմ գյուղը վերաբնակեցվում է նախկին բնակիչների որդիների ձեռքով:

Որպես վաղ միջնադարյան կառույց, բացարձակ արժեք է ներկայացնում Վարարակն գյուղի եկեղեցին: Ավանդաբար պատմում են, որ այդ կառույցը Արցախում Վաչագան Բարեպաշտի տարվա օրերի թվով (365-366) կառուցած եկեղեցիներից մեկն է: Հենվելով ժողովրդական ավանդույթների վրա, մեր հայրենակից վիպասան Հայկ Խաչատրյանը գրել է ՙՎաչագան՚ վերնագրով մի վեպ, որի մեջ մի գլուխ է նվիրել Վարարակն գյուղին:

Այժմ Խանքենդի անվան մասին. 1847թ. ռուսական բանակի Մինգրելյան Եգերական գնդի շտաբի պետ իշխան Ուցմիևը Վարարակն գյուղի մոտ, ընդարձակ սարահարթում հիմնեց զորանոց, որին ժողովուրդը կոչեց Կազակի պոստ: Այստեղ բանակին սպասարկելու համար ծառայության մտան մոտակա գյուղերից 60 ընտանիքներ: Նոր բնակավայրի ու զորանոցի տարածքը Շոշվա Մեհտի Ղուլի Խանը կապալով վերցրել էր Մելիք Շահնազարյաններից և տվել ռուսական բանակին ( ի դեպ, իշխան Ուցմիևը Մեհտի Ղալի խանի փեսան էր): Պաշտոնական թղթերում Վարարակնի նոր բնակավայրը կոչվում էր Մինգրելսկ: Այդ անունով ռուսական գյուղ Ղարաբաղում ստեղծվել է նաև 1913թ., երբ ցարական կառավարությունը ռուս ՙմալական՚ աղանդավորներին քշել է Կովկաս: Ուրեմն, այս Մինգրելսկը չի կարելի շփոթել Խանքենդու հին անվան հետ: Խանքենդին այդ բնակավայրի գրոց անունը չէր, բայց թուրքերը համառորեն նրան կոչում էին այդ անունով: Ռուսական բանակի Ղարաբաղից հեռանալուց հետո Մելիք Շահնազարի ժառանգները սկսեցին դատ վարել այդ ավանի բնակիչների դեմ, պահանջելով կամ թողնել-հեռանալ, կամ կապալով վարձել այդ հողերը: Այդ դատը շարունակվեց մինչև 1917թ., մինչև Ռուսաստանում նոր կարգերի հաստատումը:

Բաքվում հրատարակվող ՙԿոմունիստ՚ հայերեն թերթը (1923թ. սեպտեմբերի 18, թիվ 118) հաղորդում է, որ Խանքենդի ավանը Լեռնային Ղարաբաղում սովետական կարգեր հաստատելու նախօրյակին, Շուշի քաղաքի հետ միասին ավերել էին: ՙԽանքենդին մի վայր է, ուր բացի ավերակներից, ուրիշ ոչինչ չկար: Հատուկենտ մարդիկ ստվերների նման էին երևում փողոցներում՚,- գրել է թերթը: Ի վերջո, պետք է ասել, որ Խանքենդի անունը ստեղծվել է հենց այնպես, տարերայնորեն: Քանի որ բանակի ծախսերը հոգում է Մեհտի դուլի խանը, նոր բնակավայրն էլ թուրքերը համարեցին նրանը և կոչեցին Խանքենդի:

1923թ. նոյեմբերի 23-ին Ղարաբաղի նորաստեղծ կառավարությունը Շուշիից տեղափոխվեց Խանքենդի և այն հռչակվեց Ստեփանակերտ անունով:

stepanakert.am
Հրաչյա Բեգլարյան
Արցախ-Նամե՚ գիրք չորրորդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել