Փորձենք մի պահ տեղի տալ ժամանակ առ ժամանակ հանդիպող այն հորդորներին, որ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական գործընթացները գրեթե լիովին տեղավորվում են առողջ տրամաբանության մեջ, և այդ գործընթացներն իրապես պայմանավորված են այն անխուսափելի էվոլյուցիայով, որն ապրում է Հայաստանը պատմական այս փուլում: Էվոլյուցիա, որը հատուկ է պատմական տարբեր ժամանակաշրջաններում` տարբեր երկրների, որոնց մի մասն այսօր արդեն կայացած երկրներ են: Սակայն հարկ է նշել, որ այն պատկերն ունենք մենք` ի դեմս քաղաքական գործիչների, որոնց առավել հաճախ կարելի է ուղղակի քաղաքական գործիքներ կոչել, արդյունքն է այն խրթին և անհետևողական քաղաքականության, որը մենք ժառանգել ենք դեռևս 1990-ական թվականների կեսերից, այլ կերպ ասած, այն ժամանակներից, երբ սկսեցին կեղծվել բոլոր համապետական ընտրություններն առանց խտրականության: Ավելին, նորօրյա քաղաքական գործիչների զգալի մասն այն ժամանակ ականատեսն էին մի համակարգի հիմնարկների, որն այսօր ծլել, ծաղկել ու բարգավաճել է, հետևաբար, նրանք՝ այդ գործիչները կամ գործիքները, սիրահոժար և հալած յուղի տեղ են ընդունել ու ընդունում իրենց հրամցված ժառանգությունը:
Բնականաբար, այս իրավիճակում իր սև գործն է անում նաև մարդկային պարզ հոգեբանությունից բխող ագահությունն ու չտեսությունը, որը, թերևս, այդքան էլ նոր երևույթ չէ, ինչպես վերոնշյալ հանգամանքները:
Հ.Գ. Անելիքներն ահռելի են, ժամանակը՝ անգութ ու անողոք, մենք իրավունք չունենք հապաղելու, մենք պետք է արագացնենք մեր քայլերը` դեպի իրական և անհապաղ վերափոխումներ, հակառակ պարագայում ահագանացող կորուստներն անխուսափելի են և անվրեպ...