Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր նշում են քաղաքի 89-րդ տարեդարձը։ 

Արդեն մի քանի տարի է հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը տոնական տեսք է ստանում արցախցիների մայրաքաղաքը։ Որքան էլ խնդիրները շատ են, միեւնույն է, այն միշտ շատերի համար սիրելի է ու հարազատ։ Այստեղ շատերն են իրար ճանաչում, եթե ոչ մոտիկից, ապա գոնե դեմքով։

Այստեղ է, որ ոչինչ թաքցնել չես կարող, որ յուրաքանչյուր մարդու մասին կարելի է րոպեների ընթացքում տեղեկություններ հավաքել, որ լուրերը տարածվում են նույնպես րոպեների ընթացքում։ Եւ այստեղ է, որ ամեն քայլափոխի բարեւ են տալիս ու բարեւ առնում։

Այստեղ է, որ պատերազմի տարիներին նկուղներում մեծացած սերունդն արդեն ամուսնանում է, երեխաներ ունենում, շատերը երկրի սահմաններն է պաշտպանում։ Պատերազմի տարիների Ստեփանակերտից այսօր ոչինչ չի մնացել. այսօր ունենք երբեմնի ավերակներից ազատված ու բարեկարգ քաղաք։

Ստեփանակերտը սիրելի ու հարազատ է առաջին հերթին հենց իր բնակիչներով՝ հին ու նոր, իր հայտնի դեմքերով, ովքեր այսօր առավոտից հազարավոր ստեփանակերտցիների ու հյուրերի հետ միասին մասնակցում էին մայրաքաղաքի կենտրոնում մեկնարկած տոնական միջոցառումներին, որոնք երեկոյան կեզրափակվեն տոնական համերգով։

Այսօրվա Ստեփանակերտը լուսանկարներում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել