Esem.am-ը գրում է․
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար աշխատանքային բուռն շրջան է: ESem.am-ի հետ զրույցում նա պատմել է նորությունների մասին, որոնք կան և՛ թատրոնում, և՛ կինոյում:
Դերասանուհին այժմ խաղում է «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման մեջ, որի դերասանական կազմում փոփոխություններ են եղել: Նարեկ Դուրյանի բեմադրած «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման մեջ այսուհետ կխաղան «Դոն ժուան ավիա» ներկայացման կանայք՝ Լուիզա Ներսիսյանն ու Թամարա Պետրոսյանը, ինչպես նաև՝ Ռաֆայել Երանոսյանը:
Այս ներկայացման մեջ Լուիզան ներկայանալու է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ: Նրա խոսքով՝ բեմում ամուսնու հետ խաղալը հեշտ է, սակայն պատասխանատու: «Որպես արտիստ՝ Հրանտ Թոխատյանն ունի իր ջերմությունն ու տաքությունը, որը զգում է հանդիսատեսը: Ինքն այն տեսակի դերասան է, այնպիսի էներգետիկա ունի, որ անընդհատ պետք է զգոն լինես և այնպես անես, որ հանդիսատեսի ուշադրությունից քեզ էլ բաժին մնա:),- ասաց Լուիզան և հավելեց,- Բացի այն, որ դու և խաղընկերդ պետք է հասկանաք իրար, նաև կա առողջ մրցակցություն, որպեսզի չխամրես: Խոսքը փորձաշրջանի մասին է, երբ սկսվում է ներկայացումը, ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Կամերային թատրոնում ևս Լուիզան նորություն ունի: Դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ նա կխաղա «Ամնեզիա» ներկայացման մեջ: Գոռ Մարգարյանի բեմադրած ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 10-ին: Լուիզան նշեց, որ սա հոգեբանական դրամա է, որտեղ ներկայացված է պրոբլեմատիկ ընտանիք:
«Տղամարդ-կին բախման միջոցով փորձում ենք ինչ-որ ճշմարտության գալ: Տղամարդն ունի իր, կինը՝ իր ճշմարտությունը,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկի «ճշմարտությունը» միանաշանակ հաղթանակ չի գրանցում: -Հանդիսատեսը մտածելու, խորհելու առիթ է ունենում: Յուրաքանչյուրը կբացահայտի իր ճշմարտությունը»: Ըստ Լուիզայի՝ իրականում իր և հերոսուհու ճշմարտությունները չեն համընկնում, քանի որ վերջինս էքսցենտրիկ, միաժամանակ, դեպրեսիայի հասած կերպար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ