Հերթական մի տխուր գիշեր։ Հերթական գիշերը հերթական ճշմարտությունն է, որ հիմա լցվել է աչքերն ու չի թողնում այլ կողմ նայել՝ միայն առաստաղին: Առաստաղից անդրադարձող տխուր հայացքը սուր դանակների տեսքով վերադառնում է ու խրվում սիրտը… Հասկանալի է, որ առավոտյան կսկսվի իրեն ատելու մի զգացում, ու այդ մտքից ականջներում խշշաց լռության աղմուկը: Աղմուկի միջից պարզ լսվեց. -Դե, ի՞նչ, գո՞հ ես քեզնից: -Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում.. - Գիտե՜ս, նա, ում տանջում ես քեզնից ավելի: -Ի՞նչ է, ինքս ինձ հետ եմ խոսում: -Ոչ, գիտակցությունդ է խոսում հոգուդ հետ: -Եվ ի՞նչ ես ուզում ինձնից: -Եկել եմ մի խնդրանքով, ուզում եմ խուսափել դժոխքից, բաց թող ինձ, խնդրում եմ: - Բայց այդ դեպքում ես կմահանամ: -Ինչի՞դ է պետք, միայն ցավ ես պատճառում, քեզ, մնացածին: -Ես այդպես եմ ապրում, ի՞նչ արած: -Ստում ես, փնտրում ես ինչ-որ պատճառներ, դու վաղուց պետք է մեռած լինեիր, էլ կրակ, էլ դանակ, էլ հրազեն, բայց բախտդ բերել է, քեզ քո պահապան հրեշտակն է պահպանում, որն էլ արդեն երևի հոգնել է իր աշխատանքից, իր վրա վերցրած քո բեռից: Հասկացա՞ր, որ այլևս ապրելն իմաստ չունի: Դե ի՞նչ, բա՞ց ես թողնում ինձ: -Բայց ես սիրում եմ մեկին, որը երևի շատ կդառնանա: -Նրան էլ ես խաբել, նա էլ է արդեն քեզնից ձեռք քաշել: Լռության աղմուկը դադարեց, ու մթան մեջ երևաց ճշմարտության տեսիլքը: Մահճակալը, որտեղ քնած է նա, յուրօրինակ գույնի էր՝ վարդագույն: Եթե դրա մասին լսեր երեկ կամ մյուս մնացած օրերին կզարմանար, բայց… Մահճակալին պառկած կնոջ ձեռքը կախվել էր վերմակից ցած: Ձեռք, որի մատները բազմիցս դողալով բարձրացել էին մինչև աչքերն ու առանց թաշկինակ, սրբել արցունքները… -Դու դեռ այստե՞ղ ես, հոգի՞ս ես թե՞ հոգեառս, այդպես էլ չհասկացա: -Տես, նույնիսկ հիմա ամեն ինչ կատակի ես տալիս: -Իսկ լուրջ մի հարցի կպատասխանե՞ս: -Ասա՛: -Ինձ այնտեղ, վերևում, կներե՞ն, միայն խնդրում եմ ճիշտն ասա: -Դե եթե զղջաս, այո, կներեն,-հոգիս քմծիծաղով նայեց ինձ ու հպարտորեն գլուխը ետ գցեց: -Եթե զղջաս, բայց ես քեզ լա՜վ գիտեմ, դու չե՛ս զղջա, համա՛ռն ես… -Իհարկե, չեմ զղջա, դա իմ ցավն է, ու ես պետք է այն ինձ հետ տանեմ, դժոխք, դրախտ կապ չունի, ո՞վ կարող է իր սեփական ցավից այդպես հեշտորեն ազատվել: -Այդպես էլ գիտեի… Զղջա, միասին կգնանք դրախտ, ինձ քեզնից բաժանվելն այնքան էլ հարմար չէ: -Քեզ բաց եմ թողնում, լռի՛ր, բայց մի պայմանով: Կարո՞ղ ես հիմա հասնել Նրան ու վերջին անգամ համբուրել, վերջին, ես խոսք եմ տալիս: Երբ համբուրես նրան, ազատ ես… Գնա՛ քո դրախտը: …Երբ հոգին ծնկեց վարդագույն մահճակալի մոտ, մի տարօրինակ զգացում ունեցավ, լքելո՞ւ, թե՞ լքվելու՝ չհասկացավ, բայց որ հաճելի չէր, դա պարզ էր: Չցանկացավ վերմակը բարձրացնել, շրթունքները հպեց կախված ձեռքի մատներին ու սկսեց հերթով համուրել… Հերթական գիշերը հերթական ճշմարտությունն էր, որ մահվան տեսքով մխրճվեց անհոգի մարմնի մեջ ու տեղավորվեց հավիտենական տեսքով… Հերթական ճշմարտությունը հասկացավ, որ այդ անհոգի մարմինը սիրել էր, իսկապես, սիրել էր ու լռել, բայց… Սիրել էր… Ս.Ումառ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել