Երևանի Մետրոպոլիտենը կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն արդեն 34 տարեկան է: Կառուցումն սկսվել է 1972թ.-ին, առաջին հերթը գործարկվել է 1981թ.-ի մարտի 2-ին և ընդլայնվել մինչև 1996թ.։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։ Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ., հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։ Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսներն ուղղվել էին ավիրված շրջանների վերականգմանը։ 1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Հ.Գ. Կարծում եմ՝ բոլորս էլ սիրում ենք մեր Երևանի Մետրոպոլիտենը, քանզի ամենահարմարավետ փոխադրամիջոցներից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել