Esem.am-ը գրում է.
Ըստ հայտնի խոսքի` հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելն է դժվար, բայց թերևս ոչ մեր զրուցակցի` դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի համար: Դերասանի և նրա 5-ամյա դստեր` Մարիի հետ հանդիպեցինք երևանյան այգիներից մեկում, որտեղ ոչ միայն լուսանկարեցինք նրանց, այլև հետաքրքիր զրույց ունեցանք Աշոտի հետ: Թեև Աշոտը զբաղվածության պատճառով ուշ-ուշ է հանդիպում դստերը, վստահեցնում է` իրենց կապն այնքան ուժեղ է, որ քննարկման ենթակա չէ. «Ուզում եմ վստահեցնել բոլոր տղամարդկանց` աղջիկը պապայի բալան ա»):
Մարին պապայի պես համառ է
Հոր ու դստեր իրար լավ հասկանալու ու այդքան շատ սիրելու պատճառներից մեկն էլ բնավորության նույն գիծն ունենալն է. դերասանի խոսքով` Մարին պապայի պես համառ է. «Դա երբեմն դժվարեցնում է մեր հարաբերությունները, բայց որպես գիտակից մարդ` ինքս եմ զիջումների գնում. կարողանում ենք լեզու գտնել ու ամենակարևորը` շատ ենք սիրում իրար»:
Ըստ մեր զրուցակցի` ինքն այն ծնողներից չէ, ովքեր խոչընդոտում են երեխաների մասնագիտական ընտրությանը: «Մարիս բավականին տաղանդավոր է. շատ լավ լսողություն ունի: Դեռ երեք տարեկանում Լիդուշիկի երգերից էր կատարում: Բավականին զարմացել էի, որովհետև տոնայնությունը շատ ճիշտ էր, ամեն ինչը` տեղը տեղին: Մամայի կողմը երաժիշտներ են ու երևի մորից է ժառանգել այդ տաղանդը, չնայած ես էլ լսողությունից չեմ դժգոհում: Դերասանական տաղանդն իր մոտ ևս զարգացած է: Դեռևս չեմ մտածում, թե նա ապագա ով կլինի. թող ինքն ընտրի այն, ինչ ուզում է, ինչն իրենն է»,- նկատեց Աշոտը և անկեղծորեն խոստովանեց, որ չի ցանկանա, որ դուստրը դերասանուհու մասնագիտությունն ընտրի: «Այս ոլորտում դաժան է, դժվար ու չեմ ուզի` ինքն այդ ամենի միջով անցնի: Սակայն, եթե ինքը ընտրի դերասանի մասնագիտությունը, և հասկանա, թե ինչի է գնում, ապա երբեք դեմ չեմ լինի»,- հավելեց նա:
Դերասանը ESem.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարին հիմնականում սիրում է հոր հետ զբոսանքի ու սրճարան գնալ: «Ճիշտ է` դեռ փոքր է ու թանգարաններ, պատկերասրահներ չեմ տանում, սակայն անպայման այս տարիքից տանում եմ Ծիծեռնակաբերդ, որ հասկանա` այնտեղ ինչի համար են գնում: Բայց, քանի որ հիմա ժամանակը նաև սուղ է, աշխատում եմ տանել մորս ու հարազատներիս հետ հանդիպման, որպեսզի նրանց հետ ևս կարողանա շփվել»,-ասաց Աշոտը: Տոնական օրերը դերասանը կարողանում է Մարիի հետ նշել միայն հաջորդ օրը. «Հենց տոնի օրը չենք կարողանում միասին լինել, քանի որ մոր ու նրա հարազատների հետ է նշում, բայց հաջորդ օրն իսկ նվերներով գնում եմ նրա հետևից և միասին նշում իմ հարազատների հետ: Շատ է սիրում «պրինցեսաներով» շորիկներ, որոնցից էլ աշխատում եմ նվիրել. հենց ինքը «պրինցեսա» է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ