Տնային պայմաններում կենդանիներ պահելու համար նախատեսված տուրքը՝ տարեկան 5 հազար դրամ, բողոքի ակցիաների պատճառ է դարձել Երևանում:
Ցանկացած որոշման կամ օրենքի դեմ ընդվզելը կարծես թե դարձել է ազգային առանձնահատկություն, և մարդիկ հրաժարվում են ամսական 400 դրամի չափ տուրք մուծել, որը չնչին գումար է՝ համեմատած այն ծախսերի հետ, որ տնային կենդանիների հոգատար տերերը վճարում են իրենց չորքոտանի կենդանիների էլիտար սննդի և թիթիզ պճնանքի համար:
Հասարակական վայրերում էլ հատկապես շները պակաս արտոնյալ չեն զգում՝ բնական կարիքները հոգալուց մինչև զուգընկերոջ հետ անկաշկանդ սիրախաղերը:
Աշխարհի շատ երկրներում են հարկեր սահմանված ընտանի կենդանիներ պահելու համար, և դա պարտադիր է կատարման համար: Երևանցիները, սակայն, այդ որոշումն անհեթեթ են համարում, մինչդեռ մեր շատ հարգելի համաքաղաքացիների սիրած «ամերիկաներում» ընենց անհեթեթ ու տարօրինակ օրենքներ կան, որ լավ էլ գործում են:
Օրինակ՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում եղջերուներին օրենքով արգելված է փողոցում սեքսով զբաղվել, Քինգովելում նույն բանն արգելված է խոզերին օդանավակայանում, իսկ այ Յուտա նահանգում ընդհանրապես արգելված է գումարի դիմաց սեքսով զբաղվել բոլոր տեսակի կենդանիների հետ: Տուգանքն էլ, բնականաբար, դոլարով է և ամերիկյան գնացուցակով: