Մարտի մեկի հանրահավաքը կայացավ միայն ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, և ոչ «Ժառանգությունը», ոչ էլ որևէ այլ քաղաքական ուժ չմիացավ ՀԱԿ-ի հանրահավաքին: Ավելին` ՀԱԿ առաջնորդը, ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից, անուղղակիորեն ՀԱԿ-ին որպես միակ «իրական» ընդդիմություն հայտարարեց, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին համարեց որպես պսեվդոընդդիմադիր ուժեր, որոնք ցանկանում են կատարել ընդդիմափոխություն:

Եթե որոշակի ժամանակ միակ և «իրական» ընդդիմություն էր համարվում եռյակը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերը` լուսանցքային ու մարգինալ, ապա ինչո՞ւ է այսօր դաշտում ՀԱԿ-ը միայն իրեն տեսնում որպես իրական ընդդիմության, ի՞նչն է փոխվել:

Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը, համագործակցելով «Ժառանգության» և ԲՀԿ-ի հետ, որոշակի հարցերում մուտացիայի էր ենթարկվել, այսինքն՝ ձևախեղվել էր: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ը, գործակցության ձևաչափ ստեղծելով ԲՀԿ-ի հետ, որոշակիորեն փոխել էր և մեղմացրել էր իր արմատական մոտեցումները, նույնիսկ իր վրա կրել «ոչ իշխանական» անվանումը: Իրականում տեղի ունեցածը նահանջ էր ՀԱԿ-ի կողմից` հանուն ԲՀԿ-ի հետ համագործակցության:

Իսկ հիմա արդեն, երբ ԲՀԿ-ն գտնվում է չկողմնորոշված վիճակում և իրեն դուրս է դնում ընդդիմադիր դաշտից, նման իրավիճակում ՀԱԿ-ը ստիպված է վերադառնալ իր նախկին ելման դիրքերին, միաժամանակ լուսանցքային ընդդիմադիր ուժերը վերածվում են օպոզիցիոն արենայում ՀԱԿ-ի հակառակորդների:

Այսինքն` ընդդիմադիր դաշտում այսպես կոչված «ոչ իշխանական փուչիկի» պայթյունի արդյունքում ոչ միայն փլուզվեց եռյակը, այլ նաև ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը, և դաշտում մնացին միայն ընդդիմադիրները, որոնցից ամենակենսունակն էլ իշխանության հետ պայքարի մեջ մտնելու հայտ կարող է ներկայացնել: Այլ բառերով ասած` հեգեմոն ընդդիմադիր դառնալու համար պայքարն ընդդիմադիրների միջև այլևս իրողություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել