Esem.am-ը գրում է.
Դերասան Աշոտ Հակոբյանը հեռուստադիտողներին հայտնի է մի շարք սերիալներից, ֆիլմերից: Աշոտն այժմ նկարահանվում է «Սիրո գերին» սերիալում` մարմնավորելով Հակոբին, իսկ թատերասեր հանդիսատեսը նրան ճանաչում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից: ESem.am-ն Աշոտի հետ խոսել է հաջողությունների, թատրոնում ու կինոյում հանդես գալու, որպես ռեժիսոր ներկայանալու և ընտանիքի մասին:
Կրթություն
Աշոտն ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժինը: Դերասանը շատ է կարևորում մասնագիտական կրթությունը: «Փոքրուց կապ եմ ունեցել նախկին «Փոսի» թատրոնի հետ, քանի որ մայրս այնտեղ էր աշխատում: Կարելի է ասել, նայել եմ այնտեղի բոլոր ներկայացումները, բացի այդ՝ դպրոցում խաղացել եմ Հ.Թումանյանի հերոսներին»,-նշեց Աշոտը:
Նրա խոսքով՝ «Փոսի» թատրոնում շփվելով դերասանների հետ, ներկա գտնվելով թե՛ փորձերին, թե՛ ներկայացումներին, սիրահարվել է թատրոնին: «Արդեն ինստիտուտում ծանոթացել եմ այն մարդկանց հետ, որոնց հետ մինչ օրս աշխատում եմ: Թատերականը հնարավորություն տվեց ինձ ներկայացումներ բեմադրել ու ավելի խորանալ այդ մասնագիտության մեջ: Ճիշտ է, կինոռեժիսուրայի ֆակուլտետում էի սովորում, բայց առաջին կուրսի վերջում, երբ բեմադրեցի առաջին ներկայացումս, հասկացա, որ իմը թատրոնն է»,-նկատեց 27-ամյա դերասանը:
Հաջողություններ
Աշոտն իրեն հաջողակ է համարում, քանի որ ունի սիրելի մասնագիտություն, կայուն ընտանիք, հրաշք փոքրիկ և ազնիվ ընկերներ: «Մասնագիտական հաջողություններս սկսվեցին Հ.Պարոնյանի անվան թատրոն որպես դերասան ընդունվելուց: Ուսանողական տարիներին ուսանող, սկսնակ ռեժիսորներից պարբերաբար առաջարկներ էի ստանում՝ խաղալու իրենց ներկայացումներում, ֆիլմերում (ուսանողական և ոչ միայն): Հերթական անգամ խաղացի ռեժիսոր Հենրի Քոչարյանի «3 գրոշանոց օպերա» ներկայացման մեջ: Հենց այնտեղից էլ ինձ նկատեց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը ու հրավիրեց աշխատանքի»,-պատմեց դերասանը, ում խոսքով` առաջարկը լսելուց հետո շոկի մեջ է եղել:) «Չեմ կարող ասել, թե ինչ զգացողություն ունեի. դուրս եկա թատրոնից ու մինչև ինստիտուտ հասնելը չէի համբերում` երբ եմ ուրախությունս պատմելու հարազատներիս. սկսեցի զանգել նրանց ու ասել ամենը: Նրանց համար ևս անսպասելի նորություն էր»,- ասաց Աշոտը, ով միանգամից ընդունել է առաջարկը՝ հիշելով, թե ովքեր են խաղացել ու մինչ օրս խաղում այդ թատրոնում:
«Երիտասարդ թատերախմբի» ստեղծում
Իր հաջողություններից մեկն էլ Աշոտը համարում է «Երիտասարդ թատերախմբի» ստեղծումը: «Ուսանողական տարիներին ընկերներիս հետ որոշեցինք ու հիմնեցինք «Երիտասարդ թատերախումբ», որի շրջանակներում որպես ռեժիսոր մի քանի ներկայացում եմ բեմադրել: Իմ առաջին աշխատանքը եղավ «Կոնտրակտ» ներկայացումը: Երբ ցանկություն հայտնեցի բեմադրել այդ գործը, ընդամենը առաջին կուրսի ուսանող էի, բոլորն ասում էին դեռ շուտ է մեծ ներկայացում բեմադրելու համար, բայց ես կուրսեցիներիս համեմատ տարիքով մեծ էի, փոքրիկ քայլերով առաջ գնալու ժամանակն էր: Նաև ցանկանում էի հասկանալ՝ որպես ռեժիսոր ինձ կինո՞ն է պետք, թատրո՞նը, թե՝ ընդհանրապես այլ մասնագիտություն»,- ասաց դերասանը և վստահաբար նշեց, որ առաջին փորձից հետո հասկացել է, որ իրենը թատրոնն է:
«Թատերախմբով մի քանի ներկայացումներ ևս ունեցանք: Բեմադրեցի «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը, որին հաջորդեց «Կրեսոսի թագավորությունը»: Այնուհետև թատերախմբի հիմնադիրներից Հակոբ Միրզախանյանը բեմադրեց «Թութակները վանդակում» ներկայացումը, որտեղ հանդես եկա որպես դերասան: Նշեմ, որ թատերախմբի բոլոր ներկայացումները մասնակցել են տարբեր փառատոնների, հյուրախաղերով հանդես ենք եկել մարզերում ու արժանացել ջերմ ընդունելության»: Ըստ դերասանի` իրենք այս թատերախումբը հիմնել են հետագայում թատրոնի վերածելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ