Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության զարգացումը ապահովող կարևորագույն ոլորտների թվին է պատկանում, ուստի դրա զարգացմանն ուղղված ցանկացած քայլ իր դրական ազդեցությունը կարող է թողել ողջ տնտեսության բարելավման գործում:
ՀՀ-ի գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող տարածքները ոռոգման տարբերակներով պայմանավորված բաժանվում են երկու հիմնական խմբի.
1.լեռնային գոտիները, որոնց ոռոգումը, ժողովրդական լեզվով ասած, կախված է երկնքից, այսինքն՝ ոռոգումը հիմնականում իրականացվում է բնական տեղումների շնորհիվ
2.հարթավայրային գոտիները, որոնց ոռոգումը կախված է գետակների, բնական վտակների և ստորգետնյա ջրերի արդյունահանման եղանակով
Եթե առաջին տարբերակի վրա մենք գրեթե անզոր ենք ազդեցություն ունենալ, ապա երկրորդի դեպքում բնավ էլ այդպես չէ:
Գաղտնիք չէ, որ բոլոր կենդանի օրգանիզմների համար ջուրն ունի կենսական նշանակություն, բայց որոշ դեպքերում մշակաբույսերի համար այսքանով չի սահմանափակվում: Առատ ոռոգումն ունի մի քանի այլ օգտակար հատկություններ.
1.բուսատեսակին թույլատրելի ժամանակահատվածում առատ ոռոգման ժամանակ հողից դուրս են գալիս բազմաթիվ վնասատուներ: Այսինքն ստացվում է, որ վնասատուներից հնարավոր է լինում ազատվել առանց քիմիական նյութերի օգտագործման, որն էլ նպաստում է էկոլոգիապես ավելի մաքուր ու տարատեսակ քիմիական նյութերից զերծ արտադրանքի ստացմանը։
2.առատ ոռոգումն օգնում է նաև վաղ գարնանը ցրտահարություններից խուսափելու ժամանակ, քանի որ դրա շնորհիվ հողի վերին հատվածում առաջանում է պաշտպանիչ ջրահողային շերտ, որը կանխում է արմատների սառցահարումը և ցրտահարության վնասը հասցնում է մինիմալի:
Ոռոգման ջրի խնդիրն առկա է հատկապես Արարատյան դաշտավայրում, որը համարվում է ՀՀ-ի տարածքի ամենաչոր գոտիներից մեկը: Այս խնդրի լուծման համար որոշում է կայացվել Քաղցրաշենում կառուցել ինքնահոս ոռոգման համակարգ, որը ջրով պետք է ապահովի շուրջ 12 համայնքներ, դրանք են՝ Քաղցրաշենը, Նարեկը, Գետազատը, Դեղձուտը, Այգեստանը, Նորաշենը, Բերդիկը, Ն. Դվինը, Վ. Դվինը, Հնաբերդը, Վարդաշենն ու Մրգանուշը: Սույն ջրամբարի կառուցումը չի սահմանափակվում միայն առատ ոռոգման միտմամբ, քանի որ դրա գործարկման շնորհիվ հնարավոր կլինի խնայել կես միլիարդ դրամ, որը ծախսվում էր պոմպերի օգտագործած էլեկտրոներգիայի վճարման վրա:
Հուսանք, որ սույն ջրամբարը գործարկումից հետո կծառայի հասարակ գյուղացիներին և կնպաստի նրանց կենսամակարդակի բարձրացմանը:
Իհարկե, հնչել են կարծիքներ, որ սույն նախագիծը բնապահպանական տեսանկյունից դիտարկելիս ունի մի քանի խոցելի հարցադրումներ, բայց համոզված եմ, որ ոլորտի մասնագետների կողմից դրանց իրավացիության ճշտման արդյունքում կտրվեն ռացիոնալ լուծումներ, որոնք կաշխատեն թե՛ բնության և թե՛ բնության մի մասը կազմող մարդու բարորության ապահովման համար: