Ինչպես հիշում ենք, շրջանառության հարկի մասին նոր օրենքի շուրջ բարձրացրած մեծ աղմուկից հետո կառավարությունը, լսելով շահագրգիռ կողմերին, խոստացել էր օրենքում կատարել որոշակի փոփոխություններ:
Այսպիսով, կառավարությունն օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ազգային ժողով:
Մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներն առաջարկում էին շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամ: Կառավարությունը, սակայն, եզրակացրել է առաջարկվող 100 մլն դրամ շեմ սահմանելու փոխարեն սահմանել 113.4 մլն դրամ:
Բացի այդ, ներդրվել է ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը:
Գործադիրը ներդրել է նաև խրախուսման մեխանիզմ: Մասնավորապես, բոլոր այն ՓՄՁ ներկայացուցիչները, ովքեր կփաստաթղթավորեն իրենց առևտուրը, որպես խրախուսանք կվճարեն առավել ցածր հարկ:
Օրենքում փոփոխությունները կատարված են, սակայն պետք է փաստենք, որ այն մեծ արձագանք չունեցավ, ինչպես ՓՄՁ ներկայացուցիչների, այնպես էլ հանրության կողմից: Իսկ այսօր արդեն հարց է առաջանում` մինչև փոփոխություններն ո՞վ էր կանգնած առևտրականների հետևում, և ո՞վ էր փորձում պղտոր ջրում ձուկ որսալ:
Պատճառը պարզից էլ պարզ է, առևտրականներին հրահրողները որոշակի քաղաքական ուժերն ու տոնավաճառների սեփականատերերն էին, ովքեր ՓՄՁ ներկայացուցիչների խնդիրների հիման վրա փորձում էին «քաղել» որոշակի միավորներ:
Միևնույն է, քաղաքացիներն առանց որևէ ուժի աջակցության, կառավարության հետ երկխոսությունների արդյունքում կարողացան հասնել որոշակի հարցերի լուծմանը:
Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ժամանակ քաղաքացին մնում է իր խնդրի հետ դեմ հանդիման: Այստեղ հարց է առաջանում թե ինչի՞ համար են առհասարակ բոլոր քաղաքական ուժերը, եթե քաղաքացու խնդրի լուծման «ենթատեքստում» մշտապես դնում են նեղ անձական խնդիրների լուծման գաղափարը: