Սբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մայր Աննայի հիշատակության օր
Մեծ պահքի երկրորդ շաբաթն է մոտենում ավարտին` ուխտավորներիս առաջնորդելով դրախտի արտաքսման իրողության վերապրումից դեպի դարձ և աստվածտեսություն: Այս շաբաթ օրը Եկեղեցին հիշատակում է Ընդհանրական Եկեղեցու երեք սրբերի` սբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետին, Կյուրեղ եպիսկոպոսին և նրա մայր Աննային: Այս սրբակենցաղ անձերը մեզ օրինակ են ծառայում հավատի հանդեպ նախանձախնդրության և անձնազոհության: Արդարորեն այս օրը մեր հայրերը որպես ընթերցվածք սահմանել են Հովհաննու Ավետարանի 10-րդ գլխում տեղ գտած «Ես եմ լավ հովիվը. լավ հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար…» տերունաբարբառ խոսքերը, որովհետև հիշատակվող սրբերն իսկապես եղան լավ և քաջ հովիվներ իրենց հոտի համար: Նրանք ոչ միայն համարձակ հովվեցին իրենց վստահված երուսաղեմացիներին` պաշտպան կանգնելով ուղղափառ վարդապետությանը, այլև իրենց կրած անօրինակ հալածանքներով ու նահատակությամբ վկայեցին Քրիստոսի հաղթությունը: Հիշատակվող սրբերը հեղված արյամբ ու կյանքով ոռոգեցին նորաբողբոջ քրիստոնեական հասարակության հավատը` դարձնելով այն ամուր և անխորտակելի մի շաղախ, ցույց տալով, որ մահը որևէ իշխանություն չունի քրիստոնյայի վրա:
Պատահական չէ, որ մենք եկեղեցական տարվա ընթացքում մշտապես հիշատակում ենք սրբերին, դիմում ենք նրանց բարեխոսությանը և օգնականությանն իբրև Հաղթական Եկեղեցու: Սակայն նախ և առաջ նրանց հիշատակությունը մեզ համար կարևոր և օգտակար առիթ է` սրբերի վարքերի ընթերցանությամբ զորացնել մեզանում նույն հավատի ապրումը, որը հրաշագործեց նրանց վկայությամբ ու սխրանքներով և հաճախ առաջնորդեց նահատակության:
Շահեկան է այս առումով այսօրվա առաքելական թղթի հորդորը. «Եվ դու քարոզի´ր Աստծու խոսքը, շարունա´կ հայտարարիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանի´ր, սաստի՛ր, հորդորի´ր` կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով. քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը» (Բ Տիմ. 4.1-3): Մեր մկրտությամբ յուրաքանչյուրիս վստահվել է քրիստոնեական վկայությունը` խոսքով, գործով և անձնական օրինակով և, եթե անհրաժեշտ է, կյանքի գնով: Ուստի, սբ Կյուրեղ հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և Աննայի նման անձանձիր ու նախանձախնդիր լինենք Ճշմարտության և մեր փրկարար հավատի հանդեպ` ջանք չխնայելով հանուն ողջամիտ վարդապետության ճառագման մեզ շրջապատողների սրտերում: