2015 թվականի հունվարի 1-ից բժշկական օգնության ու սպասարկման պետության կողմից երաշխավորվող անվճար ծառայությունների մեջ սոցփաթեթում ընդգրկվածների համար կատարվեցին հետևյալ փոփոխությունները.
1) հաստատվեց սոցիալական փաթեթի շահառուների տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը
2) սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն ընձեռնվեց բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել առողջապահության նախարարի հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, ընդ որում՝ առանձին հետազոտություններ (մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, գլխուղեղի անգիոգրաֆիա) պետք է իրականացվեն համավճարային սկզբունքով:
3) սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն ընձեռնվեց իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել նաև ապահովագրական ընկերությունների միջոցով հետևյալ առողջապահական ծառայությունների ձեռքբերմանը.
ա. սոցփաթեթի շահառուի համար առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթ,
բ. սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ:
Սոցիալական փաթեթի շահառուն նշված փաթեթները կարող է ձեռք բերել իր կողմից ընտրված այն ապահովագրական ընկերություններից, որոնց կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերն առողջապահության նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն և տեղադրվել են նախարարության կայքէջի «Ծառայություններ» դարանի «Սոցիալական փաթեթ» բաժնում` անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան ապահովագրական ընկերության կողմից սահմանված փաթեթի գնի և սոցիալական փաթեթի իրեն հասանելիք գումարի տարբերության չափով լրավճար: