Ցանկանանք, թե չցանկանանք, պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և ինչու չէ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատաճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսիսնջերները, իրենց բազմոցներին տաքուկ նստած, կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:
Եվ հենց այդ գիտուններն էլ առանց գիտակցելու, ցեխ շպրտելով մեր արտաքին քաղաքական գերատեսչության վրա, չեն հասկանում, որ դրանով նրանք թեկուզև ցեխաջուր, բայց այնուամենայնիվ, լցնում են մեր ոչ «ամենամտերիմ» հարևանի ջրաղացին: Սակայն երբ տեսնում ես նմանատիպ զանազան մեկնաբանություններ և ապա հետևում, թե ինչն են նրանք քննադատում և փնովում, գալիս ես այն համոզման, որ այդ մարդիկ կամ ինչ֊որ մեկի պատվերն են կատարում, կամ էլ նրանք ամենին սև ակնոցներով են նայում և թացը չորից այլևս չեն զանազանում, վատաբանում են ամենքին ու ամեն ինչին:
Նմանօրինակ անհեթեթության վառ օրինակ է վերջին շրջանում մեծ արձագանք ստացած դիվերսանտների գործի հետ կապված համացանցային «մտքի տիտաննների» մեկնաբանությունները՝ ուղղված առ Արտաքին գործերի նախարարություն: Հետամուտ լինելով իրադարձությունների ամբողջ ընթացքին ու ՀՀ ԱԳՆ-ի կատարած բոլոր գործողություններին և հայտարարություններին՝ դիվերսանտների գործի հետ կապված, գալիս ենք այն եզրահանգման, որ հերթական անգամ բարձրացված այս վայնասունը, որ ԱԳՆ-ն ադեկվատ չի արձագանքում դիվերսանտների հետ կապված իրադարձություններին, լրիվ զուրկ է տրամաբանությունից և արվում է ոմանց կամ հենց իրենց շահերը սպասարկելու համար: Եվ հենց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ցույց է տալիս քննադատների խոսքերի դատարկությունը: Մասնավորապես, արտգործնախարարը, արձագանքելով պատգամավորի՝ միջազգային հարթակում դիվերսանտների դատապարտմանն ուղղված ավելի ակտիվ քայլեր ձեռնարկելու հարցին, նշեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին մանրամասն ներկայացվել են դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները։ Նույնն արվել է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, և որ նաև համապատասխան հայտարարություններ են եղել։
Արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր պատասխանատուի նման խոսքերն ապացուցում են այն պարզ իրողությունը, որ ՀՀ արտաքին հարաբերությունների թե՛ կենտրոնական և թե՛ արտասահմանյան մարմիններն ամբողջ ուժով լծվել են միջազգային հարթակում ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների մերկացմանը, դատապարտմանը և միջազգային հնչեղության ապահովմանը:
Դե իսկ եթե նմանատիպ համակարգված գործողություններից դժգոհ քննադատները ցանկանում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Հանոյում, Կահիրեում կամ էլ, ասենք, Բուենոս-Այրեսում որևէ պուրակի բարեկարգման համար միլիոնավոր դոլարներ ծախսեն և ապա այդ պուրակը նվիրեն ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների արդյունքում զոհված հայերի հիշատակին, ապա նման կերպ մտածողները պարզապես մոլորության մեջ են: Դա չէ իրական դիվանագիտությունը, և այդ մեթոդներով չէ, որ հայ դիվանգետները պայքար են մղում միջազգային ամենատարբեր հարթակներում: Մենք՝ հայերս, երբեք էլ չենք ունեցել նավթադոլարների անսպառ կապոցներ, որոնց քանակից չիմանանք՝ այն ինչպես և ինչ նպատակի ծառայեցնենք: 
ԱՍՏՎԱԾ մեզ շնորհել է ինտելեկտ և խելք, և դրանցով էլ մենք մեր պայքար ենք մղում թե միջազգային հարթակներում և թե ամենուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել