Կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվել է սահմանամերձ համայնքների բնակիչներին հավելյալ օգնություն տրամադրելու հարցը:
Մասնավորապես սահմանամերձ համայքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ:
Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: