
14-ամյա Ջեզը տղա է ծնվել, սակայն նա դեռևս մանկուց իրեն աղջկա պես էր պահում։ Վաղ մանկական հասակում նա իր ծնողներին ասել է, որ սխալ մարմնում է ծնվել։ Անհանգստացած տղայի տարօրինակ վարքից՝ ծնողները մանկաբույժի դիմեցին։ Երեք տարեկանում Ջեզի մոտ գենդերային դիսֆորիա ախտորոշվեց։
Ձախ կողմի նկարում Ջեզը հինգ տարեկան է, իսկ աջ կողմի նկարում՝ երկու։ Հինգ տարեկանից սկսած՝ Ջեզն արդեն լիովին աղջկա կյանքով էր ապրում։ Ջեզ Ջենինգսը, ով ավագ զույգ եղբայրներ ունի ու մի 19-ամյա քույր, ասում է, որ միշտ ինքն իրեն իբրև աղջիկ է ընկալել։ Դեռևս նախքան ախտորոշումը, երբ նրա մայրիկը գովում էր նրան ինչ-որ բանի համար՝ ասելով «Ապրես, իմ խելո՛ք տղա», նա ուղղում էր մորը՝ ասելով «տղա չէ, աղջիկ»։
Հիշելով բժիշկներին կատարած այցելությունները՝ Ջեզն ասել է.
Բժիշկն ինձ աղջիկ ու տղա տիկնիկներ ցույց տվեց և խնդրեց ցույց տալ, թե այդ երկուսից որ տիկնիկն եմ ես։ Առանց երկար-բարակ մտածելու ես մատնացույց արեցի աղջիկ տիկնիկին։
Բժիշկները տիկին Ջենինգսին խորհուրդ տվեցին ազատություն տալ Ջեզին, սակայն չխրախուսել նրա աղջկական պահվածքը։ Երբ Ջեզը վերադառնում էր մանկապարտեզից, նա հանում էր տղայի հագուստն ու հագնում ավագ քրոջ զգեստները։ Եկավ մի շրջան, երբ Ջեզն արդեն աղջկա հագուստով էր դպրոց գնում ու երկարացնում էր մազերը։ Նրան թույլ չէին տալիս մտնել ո՛չ տղաների, ո՛չ աղջիկների զուգարան, և նա օգտվում էր բուժքրոջ կաբինետի զուգարանից։ Դասարանցիները ձեռք էին առնում Ջեզին։ Սկզբում Ջեզի ընտանիքի անդամներն էլ էին մտահոգվում, իսկ հայրը պայքարում էր, որպեսզի իր տղան տղա էլ մնա, սակայն ախտորոշումից հետո նրանք սկսեցին սատարել իրենց երեխային։ 11 տարեկանում, երբ Ջեզի դեմքին սկսեցին մազեր աճել, նա սկսեց հորմոնների արգելակիչներ ընդունել։ Բժիշկների պնդմամբ՝ այդ արգելակիչների ազդեցությունն անդառնալի չէ, ուստի եթե Ջեզը մտափոխվի ու ցանկանա տղայի կյանքով ապրել, արգելակիչների ընդունումը խոչընդոտ չի հանդիսանա։ Այնուամենայնիվ, Ջեզը, ով այժմ 14 տարեկան է, պլանավորում է հասունության տարիքին հասնելուն պես սեռափոխության վիրահատություն կատարել։
Ընտանեկան լուսանկար
Ջեզը հիմնել է «TransKids Purple Rainbow» հիմնադրամը, որը միտված է տրանսգենդերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հեղինակել «Ես Ջեզն եմ» գիրքը, որում նկարագրում է իր գենդերային ինքնության հետ կապված խնդիրները։ Հիմնադրամի աշխատանքներով զբաղվելիս Ջեզը հանդիպել է մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ տրանսգենդեր դերասանուհի Լեվերն Քոքսին ու հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին։
Ջեզը ելույթներ է ունեցել տարբեր դպրոցներում, հիվանդանոցներում ու համալսարաններում։ Նա հույս ունի, որ կկարողանա վերջ դնել տրանգենդերների հանդեպ դրսևորվող խտրականությանը։ Ջեզի մայրն ասում է, որ թույլ չի տա Ջեզին ամուսնանալ որևէ տղայի հետ, մինչև որ նա չպատմի իր ընտրյալին ողջ ճշմարտությոնն իր գենդերային ինքնության մասին։
Նա կարծում է, որ ես դեռ պետք է մեծանամ նախքան լուրջ սիրային հարաբերություններ սկսելը, սակայն ես գիտեմ, որ մի օր կգտնեմ այնպիսի տղայի, ով կսիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։
Ներկայումս Ջեզի դասարանցիներն ուշադրություն չեն դարձնում նրան, սակայն նա ուշադրության պակաս չի զգում, քանի որ սոցցանցերով տարբեր տրանսգենդերներ ու նատուրալներ կապ են հաստատում նրա հետ։ Ջեզի մայրը հարցազրույցի ընթացքում նշել է.
Ես մտահոգվում եմ, որ եթե հանկարծ Ջեզը թաքցնի ճշմարտությունն ինչ-որ տղայի հետ հանդիպելու ընթացքում, հետագայում նրանից կարող են վրեժ լուծել, անգամ հարձակում գործել նրա վրա։ Ես թույլ չեմ տա Ջեզին որևէ տղայի տուն ոտք դնել, մինչև տղայի ողջ ընտանիքը տեղյակ չլինի իրավիճակի մասին։