Ազգերն ու ժողովուրդներն էլ մարդու նման են… Ամեն ինչից վեր դասելով միայն սեփական շահը, անկախ անցած ճանապարհից, ունեցած քաղաքակրթական ժառանգությունից, ժամանակին մարդկությանը տված հոգևոր-մշակութային արժեքներից, ինչպես որ շահամոլ մարդն է կորցնում մարդկային նկարագիրը՝ վերածվելով ամեն գնով ու ամեն ինչից միայն իր համար օգուտ քաղել ցանկացող եղկելի առանձնյակի, ժողովուրդներն էլ այն աստիճանի են դեգրադացվել, որ մնացած մարդկության հետ հաղորդակցվելով միայն սեփական շահի և օգուտների հրամայականներով, մոռացության մատնելով հազարամյակների ընթացքում ձեռք բերած ամեն Մարդկայինը, վեր են ածվել անդեմ սպառողական հասարակությունների, մարդկային սիլոսի և որպես իրենց ուրույն առաքելություններն ունեցող տեսակներ՝ կանգնած են երկրագնդի երեսից վերանալու եզրին:
Մեզ հետ միասին այս վիճակում են հայտնվել բոլորը. հույներն ու իտալացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները… Երբեմնի ունեցած իրենց մշակույթներից, իրենց սեփական ինքնություններից եթե ինչ-որ բան էլ պահպանել են, նրանք էլ մեր նման, միայն ձևի և ձևականությունների, ուրիշներին զվարճացնելու, «երգ ու պարի», դատարկ գովաբանությունների ու կենացների հարթություններում միայն:
Յուրաքանչյուրի սեփական շահի գերակայությունը չէ՞ր արդյոք 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնի պատճառը: Այդ տարիներին կշեռքի նժարներից մեկին դրված էր հայ ազգի իր բնօրրանում ապրելու, հայրենիք ունենալու, նրա լինել-չլինելու խնդիրը և մյուսին՝ իրենց «խոշոր տերություններ» անվանողների զուտ նյութական շահերը և կամ հայության հայրենազրկման գնով եբրայեցիների համար Պաղեստինում «ազգային օջախ» հիմնելու հարցերը:
Այսօր էլ նույնն է: Չէ՞ որ այսօր ևս չափազանց մոդայիկ է հայտնի «Անգլիան չունի հավիտենական դաշնակիցներ և մշտական թշնամիներ: Հավիտենական և մշտական են նրա շահերը» ասույթը: Արդյոք յուրաքանչյուր պետություն իր շահից ելնելով չէ՞, որ խաղարկում է Ցեղասպանության ճանաչման կամ մերժման հարցը՝ այն առաջին հերթին որպես մահակ օգտագործելով Թուրքիայի գլխին բամփելու և նրանից ինչ-որ բան իր համար կորզելու, նրան «խեղճացնելու» նպատակով… Նույն պոռնկությունն է…
Գալիս են ՆՈ՛Ր ժամանակներ… Այսօր արդեն քաղաքակրթության նույն աստիճաններին հասած ժողովրդները սկսում են գիտակցել, որ իրենց պետությունները կառավարողների բռնած ճանապարհը մարդկությանը կործանման է տանում… Ահա սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, մարդկության բոլորովին նոր ապագայի պատկերը…
Այստեղ է, որ գերակայելու են ոչ թե մարդկությունը կործանող, նրա երկրավոր կյանքը դժոխքի վերածող ճղճիմ նյութական շահերն ու գաղափարները, որտեղ զարգացում ասելով՝ յուրաքանչյուրն իր ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ընդարձակումը, այլոց հաշվին ի՛ր ազդեցության սահմանների ընդլայնումն ու ի՛ր շքեղաճոխության աստիճանի բազմապատկումն է հասկանում, այլ զարգացումը բոլորի կողմից դիտվելու է որպես մի ՎԵՐԸՆԹԱՑ ՈՒՂԻ, որտեղ յուրաքանչյուրի գլխավոր նպատակը մարդկության ներդաշնակ բազմամիասնության պահպանումն ու իր՝ որպես ազգի, ժողովրդի կամ հասարակության հոգևոր կատարելության աստիճանի շարունակական բարձրացումն է լինելու:
Այնպես որ, շահերը չեն, որ կարևորվելու են այս ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ…