Դե ի՞նչ, «հետևողական» ֆեյսբուքի հայություն ջան, արդեն մոռացա՞ք Պերմյակովի գործի մասին։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ հեղափոխություն էիք պատրաստ անել, ու շատերդ ողջունում էիք ոստիկանների նկատմամբ կատարված բռնությունը։ Իսկ ես չեմ մոռացել ու անհամբեր սպասում էի այս օրերին, որ ինչ-որ էական նորություն լինի, ու դրանք առնվազն ժամանակային առումով պետք է լինեին, որպեսզի վերջ դնեին անիմաստ ասեկոսեներին, որ շրջանառվում են։
Մասնավորապես, ինձ համար լրիվ անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա որևէ հայտարարություն չեն անում բալիստիկ փորձաքննության արդյունքների վերաբերյալ։ Այն պետք է մեկընդմիշտ վերջնական պատասխան տար, թե քանի զենքից են կրակել Ավետիսյանների վրա, ու եթե պարզվեր, որ միայն Պերմյակովի ավտոմատից են փամփուշտներ արձակվել (ինչում անձամբ ես վստահ եմ), ապա մեկընդմիշտ վերջակետ կդրվի հանցակիցների մասին ասեկոսեներին։
Մյուս հարցը, որ անձամբ ինձ հետաքրքրում է՝ հեռախոսների բիլինգի հարցն է։ Վստահաբար, մեր պատկան մարմիններն առանց որևիցե խնդրի կարող են բջջային օպերատորներից պարզել, թե որտեղ են գտնվել Ավետիսյանների տնից գողացված երեք հեռախոսները սպանությունից հետո ու մինչև Պերմյակովի հայտնաբերվելն ընկած ժամանակամիջոցում։ Սա էլ վերջակետ կդներ այն խոսակցություններին, թե արդյո՞ք Պերմյակովն իրոք սահման է գնացել, թե՞ հենց զորամաս, ու հետո մնացածը նմանակել են։
Այս լռությունը խոսում է այն մասին, որ կա՛մ գործի քննությամբ զբաղվող մարդիկ ընդհանրապես կոմպետենտ չեն ու չեն հասկանում առաջնահերթությունները և ավելորդ հող են ստեղծում տարբեր ասեկոսեների սնուցման համար, կամ էլ կան այնպիսի հանգամանքներ, որոնք վախենում են հրապարակայնացնել։ Ամեն դեպքում, հիմարություն է պարզապես լռելը, որովհետև, այսպես թե այնպես, այս գործը ծածկադմփոց անել չեք կարողանալու։