Ցածր դասարանների ուսուցչուհիներից մեկը մի անգամ խնդրեց երեխաներից, որ նրանք շարադրություն գրեն այն մասին, թե ինչ կուզենային, որպեսզի Ձմեռ Պապին իրականացնի իրենց համար: Երեկոյան, երբ նա ստուգում էր աշխատանքները, նա հասավ մի շարադրության, որը նրան շատ հուզեց: Այդ պահին մտավ նրա ամուսինը և նրան տեսավ լաց լինելուց:
- Ի՞նչ է պատահել, - հարցրեց նա:
- Կարդա, - պատասխանեց ուսուցչուհին՝ նրան մեկնելով մի աղջկա շարադրություն.
«Ձմեռ Պապիկ Ջան: Այս անգամ ես Քեզանից մի հատուկ բան եմ ուզում խնդրել՝ ուզում եմ, որ ինձ հեռուստացույց դարձնես: Ուզում եմ ապրել մեր տան հեռուստացույցի պես: Ուզում եմ տանը իմ հատուկ տեղն ունենալ, և որ ամբողջ ընտանիքը հավաքվի իմ կողքին: Որ լսեն ինձ առանց ընդհատելու և հարցեր տալու, երբ խոսում եմ: Ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ուզում եմ ինձանով զբաղվեն և ինձ համար անհանգստանան այնպես, ինչպես հեռուստացույցի համար են անհանգստանում, երբ նա դադարում է աշխատել: Ուզում եմ հորս հետ լինել, երբ նա հոգնած վերադառնում է աշխատանքից: Ուզում եմ մայրս, փոխանակ ինձ անտեսելու, գա ինձ մոտ, երբ մենակ է ու տխրում է: Ուզում եմ, որ երբեմն ծնողներս ամեն ինչ թողնեն մի կողմ և ինձ հետ ժամանակ անցկացնեն: Ձմեռ Պապիկ, ես շատ բան չեմ ուզում... Ես ուղղակի ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում է ցանկացած հեռուստացույց»:
- Սարսափելի է: Խեղճ երեխա,-բացականչեց ուսուցչուհու ամուսինը:-Այս ի՞նչ ծնողներ են:
Ուսուցչուհին արցունքն աչքերին պատասխանեց.
- Սա մեր դստեր նամակն է...
Հ.Գ. Կյանքի իմաստը...... ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/780482072040122?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել