Հայերուս թուքը

Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Միւլք, փող ու ապրանք, կասեն՝ շատ ունես. -
Բայց թէ փողէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծաւոր,
Անուն յաղթողի ունես փառաւոր.
Բայց թէ թըրէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տուած է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռուած է.
Բայց թէ գըրչէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզօր իշխանի սիրելին դարձար.
Բայց թէ մըտքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կը յօրինես թանգագին բաներ.
Բայց թէ ձեռքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թէ լեզվէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցուած է մարդոց բերան.
Թէ ուսումէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կու տամ քեզ պատիւ, կունենաս դու յարգ,
Ու կը դընեմ քեզ ազնիւ մարդոց կարգ,
Երբ օրորանէդ մինչեւ գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի ՀԱՅԱՍՏԱՆ։

1878
Ռափայել Պատկանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել