Չեմ դադարում զարմանալ և մտածել ոմանց դատողությունների և տրամաբանության իսպառ բացակայության մասին:
ԱՅՍՕՐ, հարմար պահ գտա և մտա երևանյան դելֆինարիում, ներկայացման տոմս գնելու: Տասն ամսական որդուս ցանկանում եմ տանել շփվելու աշխարհի ամենաբարի կենդանիների հետ:
Պատահական, եթե կարելի է այդպես անվանել, լսեցի, /քանի որ շատ բարձր էին խոսում/ թե ինչպես տոմսավաճառներն իրար հետ խոսում էին այն մասին, թե դրանք մեզ ինչ եղբայր և որ չեն պատրաստվում օգնել, և թե սիրիահայերն իրենց ինչ որ....
Բնականաբար չմիջամտեցի` տեղյակ չլինելով խոսակցության բուն թեմայի իմաստից ու առիթից: Ավելի ուշ միայն հասկացա այդ զրույցի իմաստը, երբ ստացա, հաղորդագրություն, որում ասվում, ավելի շուտ խնդրանք է արվում աջակցելու սիրիահայ համայնքին/ օգնիր եղբորդ նախաձեռնություն:
Արդեն իսկ պարզ էր, որ նրանք էլ ստացել էին այդ հաղորդագրությունն ու սկսել դատողություններ անել սիրիահայերի առնչությամբ:
Իսկապես զարմացնում է նմաօրինակ վերաբերմունքը: Այն օրն էլ հեռուստատեսությամբ էին հարցում անցկացրել, թե ինչպես են մեր համաքաղաքացիները վերաբերում այն իրողությանը, որ սիրիահայերը ներգաղթում են հայրենիք: Եվ հնչեցին կարծիքներ, որ եթե մեզ չվնասեն ոչինչ կամ, որ եթե մեր հաշվին չեն ապրելու գալիս են, թող գան, կամ թող գան, բայց մեզ չխանգարեն.... Աստված իմ, մեղա..........
Նախ այդ ինչից են ենթադրել, որ մեր հաշվին են ապրել կամ ասենք մեր հաշվին ապրեն օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները: Այն, որ տասնամյակներ շարունակ մենք գումար ենք խնդրում, երբեմն պահանջում սփյուռքից գերազանց է, բայց որ մենք պետք է ձեռք մեկնենք օգնության կարիք ունեցող մեր սփյուռքահայ հայրենակիցներին, արդեն սկսում ենք վայրահաչել:
Եվ օգնություն ասելով ամենևին նկատի չունեմ հաղորդագրությամբ 200 դրամ փոխանցելը /դա խոսակցության այլ թեմա է/, այլ նախևառաջ մարդավայել պահվածքը և ջերմ ընդունելությունը: Ամոթ էլ է, հետո էլ նեղվում ենք, թե այս կամ այն երկրում հայերիս լավ չվերաբերվեցին, է մենք անգամ մերոնց լավ չենք վերաբերում, ուր մնաց, որ դրսում լավ վերաբերվեն: Չնայած` օտարները հաճախ շատ ավելի բարեկամական և հանդուրժող պահվածք են դրսևորում, քան հենց մենք հյուրընկալ հայերս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել