Qahana.am-ը գրում է․
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը սիրված դերասան Սարգիս Գրիգորյանն է:
Ի՞նչ դեր ու նշանակություն ունի Աստված Ձեր կյանքում:
Ինձ համար հավատքը կապված է կյանքի, ապրելու, արարելու, ստեղծագործելու, բարին տեսնելու, բարի գործեր անելու հետ: Ես Աստծո ներկայությունը զգում եմ թե տխրության, թե ուրախության ժամանակ: Նա իմ մեջ է, իմ սրտում: Ես գտնում եմ, որ հավատն առ Աստված մեծ դեր խաղաց իմ կյանքում, որն ինձ ուժ տվեց առաջ գնալու, ավելի նպատակասլաց լինելու:
Դուք ունեք հրաշալի աղջիկներ: Մկրտվա՞ծ են իրենք: Եվ որքանո՞վ եք կարևորում մկրտությունը քրիստոնյայի կյանքում:
Երեք աղջիկ ունեմ, երեքն էլ մկրտված են: Մկրտվեց նաև կինս՝ Մանոն, որից հետո նրա մոտ հրաշք տեղի ունեցավ՝ նրա անբժշկելի թվացող հիվանդությունն իսպառ վերացավ: Մկրտությունը փոխեց մեր կյանքը: Ես ուշ եմ մկրտվել՝ քսանչորս տարեկանում: Դրանից հետո իմ մասնագիտության մեջ, իմ ընտանիքում կամաց-կամաց հաջողության եմ հասել: Մկրտությունն ինձ ավելի մոտեցրեց Աստծուն:
Դուք հաճա՞խ եք աղոթում:
Շատ եմ աղոթում, երբ ինձ մոտ ամեն ինչ լավ է լինում: Շատերը դժվարությունների ժամանակ են աղոթում, բայց պետք չէ միայն այդ ժամանակ հիշել Աստծուն: Հաճախ է լինում, երբ թեկուզ փոքր հաջողության դեպքում ուզում եմ արտահայտվել, շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ինքս ինձ հետ մենակ մնալով:
Եկեղեցի կամ մատուռ այցելելիս միշտ երեք մոմ եմ վառում՝ Ս. Երրորդության հետ կապված: Առաջին մոմը վառում եմ Աստծո Արքայության համար, երկրորդը՝ իմ ընտանիքի, երրորդը՝ մեր ժողովրդի, մեր երկրի համար:
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Սարգսի տոնը: Արդյո՞ք հավատում եք սրբերի բարեխոսությանը:
Հավատացողնեից մեկը պարտադիր ես պետք է լինեմ, որովհետև իմ անունը դրվել է ի պատիվ Ս. Սարգսի: Մի հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված: Հայրս որոշել էր իմ անունը Վլադիմիր դնել, բայց մայրս իմ ծննդյան նախորդ գիշերը երազ է տեսնում, որտեղ հրեշտակն ասում է, որ երեխայի անունը անպայման Սարգիս պետք է դնի՝ Ս. Սարգսի անունով: Մայրս այդպես էլ անում է՝ առանց հորս հետ համաձայնեցնելու:
Ես հպարտ եմ, որ ամենավեհ զգացմունքը՝ սերը պաշտպանողի, սիրո բարեխոսի անունն եմ կրում: Ս. Սարգսի տոնը կարծես հիշեցնում է, որ մեկս մյուսին պետք է սիրի, հավատա, մեկս մյուսով ապրի:
Որպես քրիստոնյա դերասան, Ձեր ոլորտում կա՞ն հարցեր, որոնք պետք է բարձրացել:
Եվրոպայից եկած բարքերն ինձ ընդհանրապես դուր չեն գալիս. գրեթե ամեն ինչ հակաքրիստոնեական է: Մարդուն ազատություն տալը չպետք է շփոթել մյուսի ազատությունը ոտնահարելու հետ: Քրիստոնյային անհարիր է համասեռամոլություն ընդունելը: Վ. Սարոյանն ասում է. «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ»: Արևմուտքից եկած ամեն ինչ չէ, որ կարելի է ընդունել: Եկեղեցու դերն էլ մեծ է այս հարցում: Մենք պետք է ուժեղ լինենք մեր հավատքի մեջ, ամուր կանգնած լինենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին: Միշտ պատրաստ եմ եկեղեցու կողքը կանգնել և աջակցել այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են բարուն, Աստծո հետ կապի ամրապնդմանը: Երբեք չի եղել մի դեպք, մի խնդրանք կամ ցանկություն, որը կապված լինի եկեղեցու հետ, որ ես չկատարեմ:
Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Մաղթում եմ հույս, հավատ և սեր բոլորին: Ուզում եմ, որ երբեք չվհատվեն: Հավատքով լինենք վաղվա օրվա նկատմամբ, իսկ դա սեր է: